Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագիր է կնքել Չինաստանի հետ։ Սակայն նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, հաղորդում է Reuters-ը։ Նա հավելել է, որ համաձայնագրի ստորագրում է նախատեսվում նաև Հնդկաստանի հետ։
Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կառավարության ծախսերի մասին օրինագծի առաջխաղացմանը նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Կոնգրեսին կոչ անելով հաստատել օրինագիծը մինչև հուլիսի 4-ը։
«Մենք երեկ ստորագրեցինք Չինաստանի հետ, ճի՞շտ է։ Հենց նոր ստորագրեցինք Չինաստանի հետ... Մենք ունենք մի քանի հիանալի գործարքներ։ Չի բացառվում, որ մեկն էլ ունենք Հնդկաստանի հետ, շատ խոշոր գործարք, մտադիր ենք բացել Հնդկաստանի (շուկան) (ամերիկյան ապրանքների համար)», -ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։