ՀԿԵ-ն գործարկում է զբոսաշրջային գնացք

ՀԿԵ-ն գործարկում է զբոսաշրջային գնացք

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ), համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: 

ՀԿԵ-ից հայտնել են, որ առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սեւան, Երեւան, Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի, Քութայիսի եւ Բաթումի։

Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում եւ նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

Ուղեւորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կլինեն հյուրանոցային սենյակներ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը եւ տեսարժան վայրերին։

«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը եւ նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող եւ կայուն ուղղություն»,- ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը: