Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգը

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգը

 

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում:

Նոր կարգով սահմանվում են պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Խոսքը բավականին մեծ գումարի մասին է. նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նախատեսվում է սեպտեմբերի մեկից ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: 

Ֆինանսավորման նոր կարգով դպրոցներին հնարավորություն է ընձեռվել դասարանական կրթությունից բացի՝ նաև արտադասարանական մեխանիզմներ ներդնել՝ երեխաների կրթությունը բարելավելու և մոտիվացիան մեծացնելու նպատակով: 

«Ֆինանսավորման նոր կարգով ներդրվել են նաև լաբորատորիաների պահպանման և լաբորատոր նյութերի ձեռքբերման ծախսերը: Լաբորատորիաների ստեղծումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր մաս էր, բայց դրանք շարունակական գործարկման ծախսեր ունեն: Այս գումարը չի կարող վերաբաշխվել որևէ այլ նպատակով: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն է տվել ապահովելու նոր միջավայր ներառականության համար, ինչը ևս շատ կարևոր է: Առանձին միջոցներ են հատկացվում դպրոցների միջավայրի հարմարեցման համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար առանձնացված է նաև խելամիտ հարմարեցումների ֆոնդ, որը թույլ է տալիս երեխայի կրթությունը կազմակերպել ավելի արդյունավետ»,- այդ կապակցությամբ ասել է ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը: