Շուտով ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվների ոլորտի հարկային նոր կարգավորումները

Հուլիսի 4-ից ուժի մեջ են մտնում կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել և ինչպիսի՞ կարգավորումներ են գործելու:
Նախ, Հարկային օրենսգրքում հստակ սահմանում է տրվում կրիպտոակտիվի հասկացությանը՝ հիմնվելով «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի դրույթների վրա։ Այսուհետ կրիպտոակտիվ է համարվում ոչ միայն փոխարինելի կրիպտոարժույթը, այլև եզակի (non-fungible) կրիպտոակտիվները, ինչպես նաև ապակենտրոնացված համակարգում որպես պարգևատրում ստեղծվող կրիպտոակտիվները, բացառությամբ որոշակի ֆինանսական գործիքների՝ արժեթղթեր, ներդրումային ֆոնդերի բաժնետոմսեր և բանկային ավանդներ։
Սահմանվում է, որ կրիպտոակտիվների ձեռքբերման արժեքը որոշվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատված բորսաների հրապարակած գների հիման վրա՝ օգտագործելով տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը:
Կրիպտոակտիվների օտարման եկամուտների և ձեռքբերման ծախսերի փաստաթղթավորումն այլևս կարող է իրականացվել ոչ միայն հաշվարկային, այլ նաև այլ հիմնավորող փաստաթղթերով։ Սա նկատելիորեն հեշտացնում է գործարքների հարկային ճանաչման գործընթացը։
Բացի այդ, օրենսգրքում նախատեսվում են հետևյալ հարկային դրույթները․
· Կրիպտոակտիվի օտարումը հստակ ներառվել է եկամտահարկի ենթակա գործառնությունների ցանկում։
· Եզակի և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների (այդ թվում՝ NFT-ների) և ապակենտրոնացված համակարգերում որպես պարգևատրում ստացվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ։
· Կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվել է հարկվող գործարք։
Վերահսկողություն և հաշվետվություն
Օրենքը նաև անդրադառնում է այդ ոլորտում գործող սուբյեկտների վերահսկողությանը՝ ընդգրկելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներին ապահովագրական բրոկերների կարգավորման տրամաբանության մեջ։