Անի համայնք․ Որակյալ շինարարություն, թերությունների բացառում, սահմանված ժամկետներում ավարտին հասցված աշխատանքներ, նպատակային ծախսեր

Անի համայնքում պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները մշտապես գտնվում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ու ոլորտի պատասխանատուների ուշադրության ներքո: Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքները մարզպետի աշխատակազմը եւս մշտական ուշադրության տակ է պահում։
Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 26-ին եղել է Անի համայնքում։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ աշխատանքային խումբը Մարալիկում դիտարկել է փողոցաշինական ու դպրոցաշինական աշխատանքները, մասնավորապես աշխատակազմի ներկայացուցիչները եղել են Մարալիկի թիվ 1 և 2 դպրոցներում։
Նշենք, որ Կառավարությունը նախօրեին գումար է հատկացրել Մարալիկի թիվ 1 դպրոցի վերանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Պատասխանատուները դիտարկել են նաև Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվել են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում
։ Մշտադիտարկման հանձնաժողովի անդամները հետևել են մարզպետի վերջին այցի ընթացքում սալարկման աշխատանքներում արձանագրված թերացումների վերացման աշխատանքներին՝ հանձնարարելով լինել առավել ուշադիր և հետևողական։
Աշխատանքային խմբի հաջորդ կանգառը եղել է Ձիթհանքով բնակավայրում, որտեղ ընթանում են Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի 1.8 կմ հատվածն անցնում է Շիրակի մարզի տարածքով։ Պատասխանատուներն հետևել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Անի համայնքի «Ջրափիի միջնակարգ դպրոցի» ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 16 մլն դրամ։ 2024-ին իրականացվել են 98 մլն 970 հազար դրամի աշխատանքներ: 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 521 մլն 898 հազար դրամ:
Ջրափիի կրթահամալիրը կմիավորի 6 բնակավայրի դպրոցներ, այն ևս կլաստերային է։ Մշտադիտարկման խումբը եղել է նաև Սարակապ, Հայկաձոր բնակավայրերում, հետևել «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի՝ «Անի համայնքի Հայկաձոր և Սարակապ բնակավայրեր տանող ճանապարհի 1500մ հատվածի (յուրաքանչյուրը) ասֆալտապատում» ենթածրագրով իրականացվող աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 656 մլն 733 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, ենթածրագրի արժեքը՝ 281 մլն 814 հազար դրամ։
Այցելություն է եղել նաև Լուսաղբյուր բնակավայր, որտեղ համայնքային միջոցներով բարեկարգվում է դեպի դպրոց տանող ճանապարհը։
Բոլոր հանդիպումների ընթացքում մարզպետի աշխատակազմի պատասխանատուները կրկին փոխանցել են Դավիթ Առուշանյանի հանձնարարականը՝ պետական միջոցները նպատակային ծախսել, պատասխանատվությամբ մոտենալ շինարարության բոլոր փուլերին՝ թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով։