Sputnik. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ազգայնացման ենթակա չեն. նախկին նախարարը` ՀԷՑ–ի մասին

Sputnik. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ազգայնացման ենթակա չեն. նախկին նախարարը` ՀԷՑ–ի մասին

Ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ ՀԷՑ–ի այսօրինակ «ազգայնացման» գործարքը միջազգային արբիտրաժային դատարանում բողոքարկելու դեպքում ընկերության սեփականատերերը լիարժեք հնարավորություն ունեն արդարության հասնելու և ՀՀ–ից հսկայական փոխհատուցում պահանջելու։

ՀՀ–ում օտարերկրյա ներդրումները ազգայնացման ենթակա չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ծավալված իրադարձություններին։

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

«Երբ պետական այրերը կիրառում են «ազգայնացում» տերմինը, ինձ մոտ տարակուսանք է առաջանում, քանի որ 1994թ–ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ օտարերկրյա ներդրումները ՀՀ–ում ազգայնացման ենթակա չեն։ Նույն հոդվածի համաձայն` պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները։ Իսկ առգրավումը միայն բացառիկ դեպքերում կարող է լինել, ընդ որում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` արտակարգ դրության պայմաններում, դատարանի որոշմամբ և լրիվ փոխհատուցմամբ»,– արձանագրում է Արամյանը։

Նա հիշեցնում է, որ ՀԷՑ–ի մասնավորեցումը տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումներով, քանի որ ընկերության սեփականատերերը ոչ ռեզիդենտ մասնավոր անձինք են. 70 տոկոսը ռուսական ընկերություն է, 30-ը` կիպրական։

Ի դեպ, ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող օրենքի կամ որոշման որևէ նախագիծ հանրային քննարկման չի դրվել ո՛չ Փաշինյանի հայտարարությունից առաջ, ո՛չ էլ հետո։ Փոխարենը հունիսի 26-ի նիստում կառավարությունը հաստատեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագիծը, որի օրակարգում է նաև  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը։

Դրանով «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվում է ավելացնել հոդված, որով ՀԾԿՀ–ին կվերապահվի սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցներ կիրառելու իրավունք։ Ընդ որում, հոդվածը նաև հետադարձ ուժ է ունենալու։ Կանխարգելիչ միջոցառումների թվում հանձնաժողովը կարող է հրավիրել ընկերության բարձրագույն մարմնի ժողով, պահանջել կանոնադրության կամ կառավարման մարմնի անդամների փոփոխություն, նշանակել ժամանակավոր կառավարիչ:

Օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ ընկերության 25 և ավելի տոկոս բաժնեմասի օտարման, փոխանցման կամ գրավադրման դեպքում կառավարությունը պետք է ունենա նախապատվության իրավունք։ Իսկ գործարքի առարկա գույքի արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը։

Վարդան Արամյանի գնահատմամբ` ՀՀ գործող օրենսդրության վերոհիշյալ արգելքները շրջանցելու համար կառավարությունը ստիպված է նոր օրենք ընդունել, ինչը և մտադիր է անել հուլիսի 1-ին հրավիրված արտահերթ նիստում։

Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru