Գևորգ Պապոյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։
«Հայաստանը, ինչպես բազմաթիվ ծովային ելք չունեցող երկրներ, իր աշխարհագրական դիրքով, լեռնային ռելիեֆով և հարևան երկրների տարածքով անցնող տարանցիկ ուղիներից կախվածությամբ պայմանավորված բախվում է տարատեսակ մարտահրավերների։ Այս գործոնները հաճախ հանգեցնում են արտադրական և լոգիստիկ բարձր ծախսերի՝ մեր ագրոսննդային համակարգերը դարձնելով ավելի խոցելի։ Այնուամենայնիվ, Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ առաջ մղելով ռազմավարական նախաձեռնություններ, նորարարական լուծումներ և միջազգային գործընկերության խորացումը», - նախարարական բարձրաստիճան միջոցառման ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։
Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ոլորտում գործող տնտեսավարողներին աջակցմանը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նշել, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցությունը՝ առաջնորդվելով համապարփակության, ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործման տեսլականով:
Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՊԳԿ-ի և առաջատար երկրների գործընկերների հետ։
Համաժողովի ընթացքում հաստատվել են նաև ՊԳԿ ռազմավարական նոր փաստաթղթեր՝ ուղղված կլիմայի, գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտներում գլոբալ մարտահրավերներին դիմակայելուն։
Տեսանյութն՝ այստեղ