Եթե կառուցապատման թույլտվությունների հարթակն այսպես աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Եթե կառուցապատման թույլտվությունների հարթակն այսպես աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

2025 թվականի հունվարի մեկից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարություն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով և հարթակի հետ կապված, հիմա որ հունիսի 30-ն է, մենք դեռևս ունենք խնդիրներ, և ես կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք քաղաքացիները ունեն հարթակի վերաբերյալ, ինչու մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ի պատասխան քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանն ասաց. «Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակը սույն թվականի հունվարի մեկից դարձել է պարտադիր և միակը կառուցապատման  թույլտվությունների տրամադրման վարչարարության իրականացման համար, սակայն նախապես Երևան համայնքում չի գործարկվել և խնդիրները ի հայտ են եկել և գալիս վարչարարություն իրականացնելիս և խիստ անհարմարություն են առաջացնում, ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։

Շուրջ վեց ամիս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, իրենց մարդկային ռեսուրսները և ժամանակը ներգրավել են համակարգը, վարչարարության արդի պահանջներին համապատասխանեցնելուն, բայց առ այսօր առկա են էական անկատարություններ, որոնք խոչընդոտում են պատշաճ որակով և ժամկետներում լուծելու աշխատակազմի առջև դրված խնդիրները։

Մասնավորապես, դիմողը ստիպված լուսապատճենում է ամբողջ նախագծային փաթեթը և քաղաքապետարանը համաձայնեցման է ներկայացնում այն, ինչն էականորեն ավելացնում է էլեկտրոնային նյութի ծավալը և արդյունքում նախագծերի համեմատաբար փոքր մակնիշավորումները դառնում են անընթեռնելի։ Առկա են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի կողմից ստորագրված նախագիծը տեխնիկական պատճառներով ուղղակիորեն հնարավոր չի լինում ներբեռնել համակարգ։ Որոշ խոշոր քաղաքաշինական ծրագրի իրականացման համար համաձայնեցված նախագծերի հիման վրա հնարավոր չի լինում իրականացնել պետական գրանցում, քանի որ որոշ գերատեսչություններում համաձայնեցված նախագծերը ուղղակիորեն չեն երևում։

Մատակարար կազմակերպությունների կողմից ելակետային տվյալների տրամադրման համար սահմանված ժամկետները անընդհատ խախտվում են։ Ժամկետի ավարտից հետո համապատասխան հարցման դիրքորոշումը դրական համարելու հարցը դեռևս բաց է մնում։

Առաջարկում ենք ձեր հանձնարարականը քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի՝ մինչ անկատարությունների վերացումը, դիտարկել թեկուզ և ժամանակավոր կասեցման հնարավորությունը»։
Տիգրան Ավինյանն իր հենթրին նշեց, որ սա պետք է իրականացվեր փուլային, ինչ-որ տեստավորման փուլեր անցնելով. «Հիմա մեր գործընկերների հետ պետք է խոսել, հասկանալ, ի՞նչն է պատճառը, ֆինանսն է, ծրագրավորողներն են, խնդիրը որտեղ է, որ վեց ամիս անընդհատ մենք այս շրջապտույտի մեջ ենք։

Ո՞վ է այս պրոցեսների պատասխանատուն, հազարավոր քաղաքացիներ դժգոհ են մեզանից, մենք այդ օրենքը չենք փոխել, մենք այդ պրոցեսը չենք կազմակերպել, վեց ամիս անցել է։ Եվ այո, պարոն Վարդազարյան, եթե շարունակի համակարգը այս ձևով աշխատել, համակարգը աշխատացնելու անհնարինության բերումով, մենք ստիպված պիտի լինենք հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում, որովհետև համակարգ շատ դրական կողմեր ունի»։