Հետազոտությունն արձանագրում է արդյունաբերության և արտաքին առևտրի անկման խոշոր ցուցանիշներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետազոտությունն արձանագրում է արդյունաբերության և արտաքին առևտրի անկման խոշոր ցուցանիշներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի շնորհիվ։ Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է՝ հասնելով 10.4%-ի, իսկ արագացման չափը համադրելի է նախորդ տարվա աճի տեմպի դանդաղման չափի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսությունում կան արագ աճող ճյուղեր, մասնավորապես ծառայությունները և շինարարությունը, որոնք, անկախ բազայի դրական էֆեկտի ազդեցությունից, արագացնում են աճի տեմպը։
     
  • Մտահոգիչ է մնում արդյունաբերության և արտաքին առևտրի դինամիկան։ Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման պարագայում արձանագրվում են անկման խոշոր ցուցանիշներ, որոնց մեղմման տեմպը բավական դանդաղ է։ Վերջինս խոսում է տնտեսական աճ ապահովող գործոնների գրեթե բացակայության մասին։ Արտահանման խոշոր անկումը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ, հետևաբար այն պետք է այնքան էլ մտահոգիչ չլիներ։ Սակայն խնդրահարույց է այն, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 0.7%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճը այդքան ցածր է, որն էլ վկայում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
     
  • Գնաճն արագանում է բավական բարձր տեմպով։ Մայիսին 12-ամսյա գնաճի տեմպն արագացել է 1.1 տոկոսային կետով՝ հասնելով 4.3%-ի, որն էականորեն բարձր է կենտրոնական բանկի նոր՝ 3±1% թիրախից։ Ընդ որում, կենտրոնական բանկի թիրախը կետային է, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն ձգտելու է գնաճը հասցնել 3%-ի, այլ ոչ թե պահպանել 2-4% միջակայքում։ Այս պայմաններում, եթե գնաճի տեմպը շարունակի արագանալ, ապա ԿԲ-ն ստիպված կլինի անցնել դրամավարկային քաղաքականության խստացմանը՝ տոկոսադրույքների բարձրացման միջոցով, ինչն առավել կբարդացնի տնտեսության վիճակը։ 
     
  • Վարկերի աճի տեմպն ավելի է արագացել։ Բնակչությանն ուղղվող՝ հիպոթեքային և սպառողական վարկերը մայիսին աճել են համապատասխանաբար 42.7%-ով և 37.9%-ով, ինչը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության, աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների ցածր աճերը։ Այս զարգացումների շուրջ  ֆինանսական համակարգում ձևավորվում են ռիսկեր, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/zW84C։