Հանդիպում Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչների հետ

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանը, առաջնային համարելով բնակիչների հետ անհատական և ուղիղ շփումները, այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ զբաղվածության ուղղությունների, գյուղական առօրյայի, մտահոգող խնդիրների վերաբերյալ։ Բնակիչները բարձրաձայնել են էլեկտրաէներգիայի անջատումների, խաղահրապարակի բացակայության, ոռոգման ջրի խնդիրների մասին։
Բնակավայրի դպրոցի դահլիճում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետը կարևորել է բնակիչների խնդիրներին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու հանգամանքները, ապա անդրադարձել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ծրագրերին, արդյունքներին՝ շեշտադրելով նաև իրազեկման աշխատանքների արդյունավետության խնդիրները։
Այնուհետև ներկայացվել են կրթական, առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, բարեփոխումները, պետական աջակցության և սուբվենցիոն ծրագրերը։
Քաղաքացիների ներկայացրած հարցերի մի մասը վերաբերել է բնակավայրին՝ ոռոգման ջուր, մանկապարտեզի բացակայություն, գազիֆիկացում, արջերի պատճառած վնաս, մի մասը կրել է ընդհանուր բնույթ՝ մարզում ծերերի խմանքի կենտրոնի հիմնում, 44-օրյա պատերազմի մասնակիցների՝ տարբեր ծրագրերում ներգրավվածության ապահովում կամ աջակցության տրամադրում և այլն։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ բարձրացված հարցերն արձանագրվել են և մարզպետի աշխատակազմի իրավասությունների շրջանակներում հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ։