Անգոլան հայտնել է ադամանդագործության ոլորտում ՀՀ-ի հետ փոխգործակցության պատրաստակամության մասին

Անգոլան հայտնել է ադամանդագործության ոլորտում ՀՀ-ի հետ փոխգործակցության  պատրաստակամության մասին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման և իրագործման հարցերին։

Անգոլայի նախագահն իր խոսքում հայտնել է, մասնավորապես, ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանման պատրաստակամություն՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։

Ըստ աղբյուրի՝ առանձնահատուկ ընդգծվել է նաև Անգոլայում «Թումո» կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը նաև շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային համագործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ։