Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը

Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը:

Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։