Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

«Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։

ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած
վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։

Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։

Պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին»,-ասված է հաղորդագրության մեջ։