Ուժի մեջ են մտել «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունները

2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունները։
Մասնավորապես, 2022 թվականին ընդունված՝ «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության:
Նախատեսվող փոփոխությունների արդյունքում ընտանեկան վեճերի մի ստվար զանգված՝ շուրջ 70 տոկոսը, մինչ դատարան դիմելը նախապես ենթակա է լինելու հաշտարարության միջոցով լուծման: Այս պայմանից բացառություն են հանդիսանում այն դեպքերը, երբ առկա են ընտանեկան բռնության կամ հանցավորության հանգամանքները։
Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում:
Կողմերն ընտրում են իրենց հաշտարարին՝ ելնելով սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր ծախսերը և գաղտնիությունը:
Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի վճիռը, հետևաբար եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:
Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում հետաքրքրված անձինք կարող են այցելել e-mediation.am կայքէջ: