Բաղրամյան համայնքում ուսումնասիրվել են նախօրեին տեղացած ուժգին կարկուտի պատճառած վնասները

Բաղրամյան համայնքում ուսումնասիրվել են նախօրեին տեղացած ուժգին կարկուտի պատճառած վնասները
Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Բաղրամյան համայնք՝ տեղում ուսումնասիրելու Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ և Դալարիկ բնակավայրերում նախօրեին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով պատճառված վնասները։
Այցի ընթացքում փոխմարզպետը դիտարկել է կարկուտից վնասված գյուղատնտեսական տարածքները, զրուցել համայնքների բնակիչների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Բնական աղետի հետևանքով զգալի վնաս է հասցվել ծիրանի, խաղողի, բոստանային և այլ մշակաբույսերի այգիներին ու ցանքատարածություններին։
Հանձնարարվել է համայնքային և մարզային պատկան ստորաբաժանումներին՝ անհապաղ իրականացնել վնասների նախնական գնահատում և կազմել համապատասխան փաստաթղթեր՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով։
Արմավիրի մարզպետի աշխատակազմը շարունակելու է համագործակցությունը տուժած համայնքների ղեկավարության և բնակիչների հետ՝ հնարավորության սահմաններում ապահովելու պետական աջակցություն և օժանդակություն։