Երանոսում ավարտական փուլում են գտնվում չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում արդեն ավարտական փուլում են գտնվում 5-րդ, 9-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի մայիսից։ Ծրագրով նախատեսված է ճանապարհների երթևեկելի մասերի ասֆալտապատում և ջրահեռացման համակարգերի կառուցում։
2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ասֆալտապատված են 21, 22, 5-րդ փողոցները, իսկ 9-րդ փողոցում աշխատանքները մոտենում են ավարտին։ Փողոցներն ասֆալտապատվել են շուրջ 1920 մետր երկարությամբ և 9240 քառակուսի մետր մակերեսով։
Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 652 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։