Առաջին ընթերցմամբ ընդունվել է ՓԼԱՖ դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթ

Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնաժողովը եվրոպական երկրներում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված օրենսդրական տեխնիկական պայմանների մշտադիտարկում իրականացնող հիմնական կառույցն է, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը: 2025 թվականին Հայաստանի գնահատման հերթական փուլն է, և սեպտեմբերին Երևան են ժամանելու հանձնաժողովի ներկայացուցիչները: Մինչ այդ, բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներից բացի, մի քանի օրենսդրական փոփոխություններ են իրականացվել՝ համապատասխանեցնելով մեր օրենսդրությունը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչներին: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հովհաննես Խաչատրյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնության հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ կհստակեցվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, կսահմանվեն հետաձգված ստուգման հիմքերն ու կարգերը, կհստակեցվեն պարզեցված ուսումնասիրության ծավալների սահմանները, կկոնկրետացվեն գործարքների մերժման հիմքերը, ինչպես նաև կսահմանվեն ավելի ճկուն ընթացակարգեր: Նշվել է, որ ընդլայնվելու են դրամական փոխանցումներ իրականացնող անձանց պարտականությունները, վերանայվելու են ոչ ֆինանսական հաստատություններին առնչվող կարգավորումները:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ: Կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ: