Ջերմատնային տնտեսության զարգացման ծրագիր Գորիսում՝ նորարար «Նեքսուս» մոդելով

Ջերմատնային տնտեսության զարգացման ծրագիր Գորիսում՝ նորարար «Նեքսուս» մոդելով
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։
«Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերում։ Այս պիլոտային ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում։
Հիմնվելով 2023–2024 թվականներին հաջողությամբ իրականացված ջերմատնային ծրագրերի փորձի վրա՝ այս փուլում կձևավորվի ձեռներեցների խումբ (կլաստեր), որի անդամները կսովորեն միմյանցից և կգործեն միասին՝ կիսելով ռեսուրսները, նվազեցնելով ծախսերը և իրացնելով արտադրանքը, նաև՝Գորիսում։ Նաև, մասնակիցները կստանան ինչպես ժամանակակից ջերմատնային տնտեսության վարման գործնական գիտելիքներ, այնպես էլ բիզնեսի և ձեռներեցության գիտելիքներ ու հմտություններ՝ իրենց ջերմատնային բիզնեսն արդյունավետ ու շահավետ կազմակերպելու համար։
Այս համագործակցությունը նպաստում է կայուն և ինքնաբավ տնտեսությունների ձևավորմանը՝ ի նպաստ ամբողջ տարածաշրջանի։ Բնակիչների համար սա նշանակում է՝
  • Շուկաների և եկամտի հնարավորությունների ընդլայնում,
  • Տնտեսական արժեքային շղթաների ավելի լավ ինտեգրում,
  • Նորարարությունների և ձեռնարկատիրության զարգացում,
  • Ավելի կայուն և համագործակցային զարգացման միջավայր։
Նեքսուս մոդելն օգնում է հաղթահարել գյուղական համայնքների տնտեսական մեկուսացումը և ձևավորում է երկարաժամկետ համատեղ աճի հարթակ։
Նեքսուսի կիրառումը պրակտիկայում.
Ծրագրի շահառուները հնարավորություն կունենան հիմնելու և շահագործելու փոքրածավալ գյուղատնտեսական բիզնեսներ՝ հիմնված 150 քմ թունելային տիպի ջերմոցների վրա։ Ծրագիրը կտրամադրի՝
  • ամբողջական ջերմոցային ենթակառուցվածք,
  • գյուղատնտեսության և բիզնեսի զարգացման գործնական դասընթացներ,
  • շարունակական խորհրդատվություն և գործընկերային համագործակցություն,
  • տեղական ջերմոցային կլաստերին ինտեգրում, որը կապվում է Գորիսի շուկաների հետ։
  • Ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը կներառի՝
  • 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն,
  • անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցմանվե րաբերյալ,
  •  անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորումը,
  • մարքեթինգը, ֆինանսները և գաղափարի ներկայացումը,
  •  անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման մասով,
  • 450 հատ սածիլ և 8 տուփ սերմ՝ յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար,
  • 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն,
  • 50 էջանոց ձեռնարկ՝ ջերմատնային գյուղատնտեսության թեմայով, մասնակցություն ջերմատնային կլաստերին՝ համատեղ գործունեության և շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։
Շահառուի ներդրումը կներառի՝ 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում՝ տեղադրման կազմակերպման համար։Գումարը վերադարձվում է, եթե շահառուն տեղադրում է ջերմատունը սեփական ուժերով, համաձայնեցված ժամկետում։
Ծրագրին կարող են մասնակցել Վերիշեն կամ Ակներ բնակավայրերի 18 տարեկանից բարձր մշտական բնակիչները, ովքեր․
  • ունեն առնվազն 200 քմ հարթ տնամերձ հողատարածք՝ ջրի և էլեկտրականության մշտական հասանելիությամբ,
  • պատրաստ են համաֆինանսավորմամբ ներդրում կատարել կամ սեփական միջոցներով իրականացնել ջերմատան տեղադրումը,
  • կարող են կազմակերպել սեփական ջերմատնային բիզնեսը,
  • պատրաստ են մասնակցելու բոլոր դասընթացներին և գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ,
  • պատրաստակամ են համագործակցել իրար հետ՝ կլաստերի շրջանակում։
Ծրագրի հիմնական փուլերը ներառում են․
մեկնարկ՝ 2025 թ. հուլիսին,
դասընթացներ և ջերմատների տեղադրում՝ 2025 թ․ ամառ–աշնան սկիզբ,
սածիլների և սերմերի տրամադրում՝ 2025 թ․ վաղ աշնանը,
խորհրդատվական աջակցություն՝ մինչև 2025 թ․ դեկտեմբեր։
Ծրագիրը նախատեսում է կազմակերպել մինչև 30 մասնակիցների ուսուցում, ինչպես նաև տրամադրել 20 ջերմատուն (յուրաքանչյուրը 150 քմ) Վերիշենից և Ակներից ընտրված շահառուներին։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը ՝ https://sca.am/announcements/3856
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հուլիսի 25-ը։