Ասք «բյուջետային սիներգիայի» կարևորության մասին․ Հայկազ Ֆանյան

Ասք «բյուջետային սիներգիայի» կարևորության մասին․ Հայկազ Ֆանյան
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն անդրադարձել է Հայաստանում  զբոսաշրջության զարգացման համար ագրեսիվ մարքեթինգային արշավի անհրաժեշտությանը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․ 
«2025թ-ի ապրիլի 23-ին Կառավարության որոշմամբ հաստատվեց օդային ավիափոխադրումների զարգացման ծրագիրը, ինչը ենթադրում է ավիափոխադրողների սուբսիդավորում նոր ուղղություններից Հայաստան ուղևորներ բերելու համար՝ յուրաքանչյուր ուղևորի համար «Զվարթնոց» օդանավակայանով 20,000 դրամ, «Շիրակ» օդանավակայանով՝ 15,000 դրամ։ 2026-2027թթ-ին այս ծրագրի իրագործմանը նախատեսվում է ուղղել 6 մլրդ դրամ։
Ի թիվ այս գործոնների (հիմնականում ռուսաստանցի ուղևորների), նաև այս ծրագրի շնորհիվ էր, որ WizzAir-ը մայիսի 7-ին հայտարարեց Երևանում բազայավորման և նոր ուղղությունների բացման մասին՝ ընդհանուր 1.2 մլն ուղևորափոխադրման ծավալով։
Առանց քննարկելու ծրագրի նպատակահարմարությունը, պետք է նշեմ, որ այն կիսատ է։ Եթե այս ծրագրով մենք ուզում էինք(ենք) զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստան, պետք էր(է) զուգահեռաբար իրականացնել նաև զբոսաշրջության զարգացման մեծամասշտաբ ծրագիր՝ ագրեսիվ մարքեթինգային արշավներով թիրախային շուկաներում և դա, իհարկե, պետք էր սկսել շատ ավելի շուտ, քանի որ վերոնշյալ ծրագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից (ավիափոխադրողները մինչև հունիսի 1-ը պետք է նախատեսվող ուղղությունների ցանկերը ներկայացնեին)։
Իսկ ի՞նչ է կատարվել մեզ մոտ՝ 2024թ-ին «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» բյուջետային միջոցառման փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 445 միլիոն դրամ, իսկ 2025թ-ի համար հաստատվել է 800 մլն դրամ, այն դեպքում, երբ նախարարության այս միջոցառման բյուջետային հայտը եղել է 2 մլրդ 300 միլիոն դրամի։ Ամենայն հավանականությամբ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները ավիափոխադրումների զարգացման ծրագրի մասին ապրիլի 22-ին՝ կառավարության նիստի օրակարգի հրապարակման պահին չէ, որ իմացել են, հետևաբար պետք է զբոսաշրջության զարգացման համար ավելի մեծ բյուջե նախատեսեին, ինչը կապահովեր իրական սիներգետիկ էֆֆեկտ երկու ծրագրերի համար էլ։
Ինչ անել հիմա․
1. 2025թ-ի պահուստային ֆոնդի կամ էկոնոմնախի այլ միջոցառումների ֆինանսավորման կրճատման հաշվին մեծացնել «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» միջոցառման բյուջեն։
2. 2026թ-ի համար հաստատել բյուջետային ծրագրով ներկայացված 2.5 մլրդ դրամի հայտը։
3. Oր առաջ մշակել Հայաստանի զբոսաշրջության զարգացման մարքեթինգային պլան՝ մեծ շեշտ դնելով, հատկապես, թվային մարքեթինգի գործիքների վրա։
4. Վերջապես, ի մի բերել Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիրը (3-րդ կետը պիտի հաջորդեր 4-ին, բայց ժամանակ չունենք)»։