Հետք․ Սևանի ափի քանդման ենթակա շինությունների տերերն ու ճեմուղու կառուցման ծրագիրը

Սևանա լճի շուրջ երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Առաջինն այն է, որ գույքագրվել և ապամոնտաժվելու են ափամերձ հատվածներում ապօրինի շինությունները։ Երկրորդը՝ Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզի ճեմուղի պետք է կառուցվի։ Շինություններն առանց ապամոնտաժելու ճեմուղի կառուցելն անտրամաբանական կլինի։ «Հետք»-ն ուսումնասիրել է Սևանի ափին կառուցվելիք ճեմուղուն զուգահեռ գտնվող և քանդման ենթակա գույքերի ցանկում ներառված շինությունների սեփականատերերի ցանկը։
Քանդման ենթակա շինությունների սեփականատերերի և իրավատերերի ցանկում հետևյալ անձինք և ընկերություններն են՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնազորի նախկին ղեկավար Աշոտ Ավետիսյանի եղբայրը, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Կապանի քաղաքապետի եղբայրը՝ Գրիգորի Փարսյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մերձավորը, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օգնականը, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, Սևան համայնքի ավագանու անդամ Նելսոն Սարգսյանի ՍՊԸ-ն, Վարսեր համանքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի ՍՊԸ-ն, «Ծովագյուղ» սուպերմարկետի սեփականատիրոջ ընկերությունը, «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանը, փաստաբան Ռոբերտ Բեջանյանը, «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի ընկերության տնօրենի ՍՊԸ-ն, քրեական գործով անցնող «Սոխոսենթր» ՍՊԸ-ի նախկին բաժնետիրոջ ընկերությունը, գործարար Արայիկ Հայրապետյանն ու նրա հիմնադրած «Լավանդա սիթի» քոթեջային ավանը։
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Աշոտ Ավալյանի փոխանցմամբ՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրությամբ ներկայացված 1901.5 մետր բացարձակ նիշից ներքև գտնվող ապամոնտաժման ենթակա կառույցների և դրանց իրավատերերի վերաբերյալ ցանկում ներառված սեփականատերերից ծանուցվել են նրանք, որոնց հասցեներն առկա են եղել ՊՈԱԿ-ում: «Մնացած սեփականատերերի տվյալները ճշտվում են՝ ծանուցելու համար: Համաձայն ծանուցագրի` ապամոնտաժման վերջնաժամկետ է սահմանվել 2020թ. հուլիսի 31-ը, իսկ սեփական միջոցներով չապամոնտաժելու դեպքում, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն համապատասխան իրավասու մարմինների կողմից` դրանց իրականացման ծախսերը սահմանված կարգով սեփականատիրոջից գանձելու պայմանով: Նշված շենք-շինությունների ապամոնտաժման վերաբերյալ առարկություններ եղել են միայն «Լավանդա սիթի» հանգստյան գոտու սեփականատերերի կողմից»,- հայտնել է Աշոտ Ավալյանը։
Չնայած այն հանգամանքին, որ ապամոնտաժման համար սահմանված վերջնաժամկետը ավարտվել է, մենք գրավոր դիմել ենք շինությունների սեփականատերերին և իրավատերերին՝ ապամոնտաժման վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Ստորև կներկայացնենք վերը թվարկված անձանց պատկանող շինությունների և հողակտորների վերաբերյալ փաստեր։ Նշենք, որ շինությունների իրավատերերին ուղղված գրավոր նամակներին արձագանքել է միայն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը։
Նյութն ամբողջությամբ՝ hetq.am