ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդման ինտենսիվ աշխատաժողով, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
«Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նախարար Սարգսյանը մանրամասնել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի հիմնական շեշտադրումներն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով հենանիշային ոլորտներին ու առանցքային մարտահրավերներին՝ ընդգծելով, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը լինելու է միգրացիոն, սահմանային կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի համար ռազմավարական ծրագիր։ Նախարարն արձանագրել է, որ թե՛ ընթացիկ, թե՛ սպասվող փոփոխությունները երեք հենքով են լինելու՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ, դրանց իմպլեմենտացմանը միտված ստանդարտների առկայություն և ենթակառուցվածքներ, այդ թվում՝ թվային։
Վասիլիս Մարագոսն ու Մհեր Գրիգորյանը բարձր են գնահատել ՆԳ նախարարի և ողջ թիմի կատարած աշխատանքը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք տվել են կոնկրետ և տեսանելի արդյունքներ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերանայման ծրագիրը՝ անդրադառնալով մեթոդաբանությանն ու վեր հանված մարտահրավերների լուծմանը։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ ՀԸԳՀ-ի արդյունքների ճշգրիտ արձանագրման համատեքստում մասնակիցները կարևորել են թվայնացման գործընթացը, որի իրականացումը և ոլորտում համապարփակ առաջընթացի ապահովումը պահանջում են շահագրգիռ գերատեսչությունների միասնական ջանքեր»,- ասված է հաղորդագրությունում։