Հետք. Նոր կանոններ, նոր խաղացողներ. ովքեր են արտաքին գովազդի շուկայի նոր դերակատարները

2025 թվականի հունիսի 18-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց տեսանյութ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքում շարունակվում է մեծ տեղեկատու դաշտով վահանակների ապամոնտաժումը։ Տեսանյութում նշվում էր, որ միայն 2024 թվականին ապամոնտաժվել է 550 այդպիսի վահանակ։
«Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»,- տեսանյութին կից գրել էր Ավինյանը։
Մայրաքաղաքը գովազդային աղմուկից ազատելու գործընթացը սկսվեց 2023 թվականից։ Սկզբում փոփոխություններ կատարվեցին արտաքին գովազդի տեղադրման մասին Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ։
Երևանի ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ, որոնց չհամապատասխանող գովազդային վահանակները ժամանակի ընթացում պետք է ապամոնտաժվեին։
Այդ չափորոշիչներով սահմանվում է, որ օրինակ՝ գովազդային վահանակները կարող են տեղադրվել միայն 3.5 մետրից ավելի մեծ լայնություն ունեցող մայթերին։
Գովազդային վահանակները, ըստ իրենց տեղեկատու դաշտերի չափերի, լինում են մեծ, միջին և փոքր։ Մեծ գովազդային վահանակները ունենում են 3 մետրից ավել բարձրություն, 4 մետրից ավել լայնություն և 0.6 մետր խորություն։ Միջին չափի վահանակներն ունենում են առավելագույնը մինչև 3 մետր բարձրություն, 4 մետր լայնություն և 0.6 մետր խորություն: Իսկ փոքր չափի վահանակների առավելագույն բարձրությունը մինչև 3.5 մետրն է, լայնությունը՝ 2 մետր, խորությունը՝ 3 մետր։
Մեծ չափի տեղեկատու վահանակ Երևանում չի կարող տեղադրվել։
2025 թվականին, սկսեցին գովազդային միջոցներ տեղադրելու թույլտվություններ տրվել ։ 2025թ.-ի ընթացքում տրամադրվել է փոքր և միջին չափի գովազդային վահանակի տեղադրման 22 թույլտվություն։
Գովազդային վահանակներ տեղադրելու թույլտվություն է ստացել երկու ընկերություն՝ «Ին շին» ՍՊԸ-ն և «Օնլիադ» ՍՊԸ-ն։
«Օնլիադ» ՍՊԸ-ն փոքր և միջին չափի 20 գովազդային վահանակ է տեղադրել Երևան քաղաքում։ Դրանցից 8-ը Աբովյան փողոցում է, մեկը՝ Տերյան-Կորյուն խաչմերուկում, մեկը՝ Խորենացի-Բեյրութ խաչմերուկում, մեկը՝ Հյուսիսային պողոտայում և այլն։
«Ին շին» ՍՊԸ-ն միայն երկու հասցեում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն ունի՝ Սայաթ-Նովայի և Խանջյան փողոցներում։
Այս երկու ընկերությունների սեփականատերերը ամենևին էլ պատահական մարդիկ չեն։
Նյութն ամբողջությամբ՝ hetq.am