ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ. Միրզոյան

Ակնհայտ է, որ ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Այս մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN) տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։
Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի»,–ասաց նա։