Sputnik․ ՀՀ–ն նախատեսում է արագացնել հայկական կոնյակի արտահանման տեմպերը

2025 թվականի սեպտեմբերից Հայաստանում կոնյակի փորձարկման իզոտոպային լաբորատորիա կգործի։ Հիմա հայ մասնագետները վերապատրաստվում են ռուս գործընկերների մոտ, որոնք հատուկ այդ նպատակով ժամանել են Հայաստան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական կոնյակ արտահանողները մատակարարման հետ կապված խնդիրների են բախվել վրաց–ռուսական սահմանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարցը լուծելու համար մեկնել է Թբիլիսի, որտեղ հանդիպել է վրացի գործընկերների հետ, քննարկվել է ստուգման գործընթացն արագացնելու հարցը։
«Կոնյակի տարանցման հարցը դեռ ամբողջությամբ չի լուծվել, բայց հայկական արտադրանքով բեռնատարների` վրաց–ռուսական սահմանը հատելու տեմպերն արագացել են։ Այժմ վրացական կողմում ստուգումը տևում է մինչև 15 օր (մինչև վերջերս 1,5 ամիս էր)»,- հայտնեցին նախարարությունից։
Գերատեսչությունից նշեցին, որ օգոստոսին կսկսվի հայ մասնագետների պատրաստման երկրորդ փուլը, որը կանցկացվի Մոսկվայում: Արդյունքում սեպտեմբերին Երևանում կարող է բացվել արդեն սեփական իզոտոպային լաբորատորիան։
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանեցին, որ լաբորատորիայի աշխատանքը թույլ կտա արագացնել հայկական կոնյակի մատակարարումը ռուսական շուկա: Հայաստանում ստուգումների ամբողջ գործընթացը կտևի 7 օր։ Հայկական բեռնատարները երկրից դուրս կգան համապատասխան փաստաթղթերով, վրացական կողմը լրացուցիչ ստուգման կարիք չի ունենա։