Քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակներին արձագանքմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակներին արձագանքմանը վերաբերող հարցեր
ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, կանխարգելմանն ու օպերատիվ արձագանքման խնդիրներին առնչվող հարցեր։
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում կարևորել է ծառայության լիազորությունների իրականացումը՝ հրդեհների կանխարգելման և արտակարգ պատահարներին անհետաձգելի արձագանքման ուղղությամբ։ Կիրակոսյանի խոսքով՝ էկոպարեկային ծառայությունն անտառային հրդեհների կանխարգելման գործում ստանձնել է առաջատար դերերից՝ իրազեկումից մինչև անհետաձգելի արձագանք։ «Մեր սկզբունքն է՝ չսպասել հրդեհի բռնկմանը, այլ գործել այնպես, որ այն ընդհանրապես տեղի չունենա»,- ասել է Կիրակոսյանը՝ շեշտելով՝ ծառայությունը շարունակում է ուժեղացնել համագործակցությունը բոլոր գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու կանխարգելման և արձագանքման առավել ամբողջական համակարգ։
Նիստի ընթացքում քննարկվել են․
  • հրդեհավտանգ տարածքների մանրամասն վերլուծությունն ու գնահատումը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ռիսկային գոտիները և մշակել կանխարգելիչ միջոցառումներ,
  • օպերատիվ արձագանքման համակարգի կարողությունների գնահատումը, առկա մարտահրավերների բացահայտումն ու արդյունավետ լուծումների մշակումը,
  • հասարակության իրազեկման և կրթական արշավների կարևորությունը՝ բնակչության ներգրավվածությունը հրդեհների կանխարգելման գործընթացում բարձրացնելու նպատակով,
  • միջգերատեսչական և հանրային համագործակցության ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրումը՝ համալիր և համակարգված արձագանք ապահովելու նպատակով։
Կամո Ցուցուլյանն իր ելույթում ընդգծել է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ներդրման և գործունեության պաշտոնական մեկնարկի կարևորությունը ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական ոլորտի համար, ապա կարևորել է նաև ծառայության մյուս մարզային վարչությունների գործարկումը։ Ցուցուլյանն առաջարկել է Սյունիքի մարզային վարչության էկոպարեկային ծառայողների և փրկարարների միջև կազմակերպել ուսումնավարժական համատեղ միջոցառումներ՝ հմտությունների կատարելագործման և փոխգործակցության ամրապնդման նպատակով։
Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ոլորտային գործողությունների ճշգրտմանը, պլանավորմանը և հաղորդակցության մեխանիզմների բարելավմանը վերաբերող հարցեր։