Շիրակի մարզպետն այսօր ընդունել է «Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետն այսօր ընդունել է «Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» ներկայացուցիչներին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է «Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերին և ծրագրի տեղական համակարգող Արգամ Արշակյանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի։
Մարզպետը ողջունել է հյուրերին, կարևորել ծրագրի իրականացումը մարզում, ինչը հնարավորություն կտա ներդրումներ կատրարել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ։
Էրիկ Բյոտտխերը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և ներկայացրել ծրագրի մանրասմասները, որն իրականացվում է ՀՀ չորս մարզերում՝ Շիրակում, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում։ Նախատեսվում է շուրջ 10 հազար տնային տնտեսությունների իրազեկում, մոտ 300 խոցելի տնտեսությունների էլ՝ ներդրումային աջակցություն։
Պատասխանատուների հավաստմամբ, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ նախատեսվող ներդրումները հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև պահպանել կլիմայի կայունությունը՝ վառելափայտի և աթարի սպառման կրճատման միջոցով։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչության, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմակայուն զարգացման» ծրագրի շրջանակներում։