Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում օգոստոսի 1-ից էլ չեն լինի թղթային QR տոմսեր: Ամենաշատ կիրառելի այս տարբերակն էկոլոգիական ու տեխնիկական խնդիրներ է առաջացնում: «Թել-Սել»-ի սարքերով միայն հնարավոր կլինի լիցքավորել տրանսպորտային քարտը: Վճարել կշարունակենք նաև անհպում բանկային քարտով ու բջջային հավելվածով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
  • Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
  • Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Ըստ քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտում վճարում է օգտվողների միայն 70 տոկոսը:  Շուտով երթուղայիններում կարող են լինել հսկիչներ, որոնք պատահականության սկզբունքով կստուգեն՝ արդյոք քաղաքացին վճարել է: Նախորդ շաբաթ խորհրդարանի ընդունած փաթեթով սահմանվեց նաև, որ հսկիչները իրավունք կունենան չվճարած կամ սխալ կրիչ վալիդացրած անձին տուգանել: Թե երբ այս որոշումը կկիրառվի, կախված է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետից: