Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Մասնագիտական օրվա  կապակցությամբ հուլիսի  15-ին և 16-ին տեղի են ունեցել  տոնական միջոցառումներ։ 

Քաջարանում հանդիսավոր արարողության ընթացքում  ելույթով հանդես է եկել Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը։ Իր ելույթում պարոն Խուդոլիյը նշել է.

«GeoProMining ընկերությունը Հայաստանում գործում է 2007 թվականից։ 2007 թվականից մենք եղել ենք այս հրաշալի երկրի տնտեսության անբաժանելի մասը՝ միասին կառուցելով երկրի հանքարդյունաբերության ոլորտը։ Մենք նաև հպարտ ենք, որ այս տարի դարձել ենք հայկական արդյունաբերության հսկայի՝ ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր։ Այս կոմբինատը Հայաստանի տնտեսության կենտրոնական օղակն է։

Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022 թ. ԶՊՄԿ-ի ողջ թիմի օգնությամբ մենք նախատեսում ենք 2021 թվականի համեմատ արտադրությունն ավելացնել 25%-ով։ Մենք նաև ձգտում ենք ստեղծել հայեցակարգային նոր հանքարդյունաբերական ոլորտ՝ ավելի երկար արժեշղթայով, արդիականացված և ավելի արդյունավետ ոլորտ, որն ավելի շատ օգուտ կբերի հասարակությանը և երկրին»:

 ԶՄՊԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է.

 «Հանքարդյունաբերության ոլորտը վերջին գրեթե 20 տարում, տարբեր  ժամանակներում ապահովել է Հայաստանի արտահանման 30-40%-ը և համախառն ներքին արդյունքի 6-10%։  Սրանք պարզապես թվեր չեն, այս թվերը արտացոլում են հանքարդյունաբերության նշանակությունը մեր երկրի համար։  Չենք կարող չընդունել, որ ոլորտում կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր գործընկերների հետ միասին պետք է լուծենք։  Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա ժամանակակից, մրցունակ  ու պատասխանատու կառավարվող ոլորտ, որն իր հետևից կբարձրացնի արդյունաբերության մյուս ճյուղերը։ Ես սա եմ տեսնում նաև որպես Հանքագործների և մետալուրգների միության կարևոր առաքելություններից մեկը»։

Գեոպրոմայնինգի խմբի անդամ ձեռնարկությունները մշտապես երկրի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են։ Առաջին հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ընկերությունը  2020 թվականին վճարել է  42.9 միլիարդ դրամ հարկ, 2021 թվականին՝  48,8 միլիարդ դրամ: Ընկերությունը նաև Հայաստանում ամենախոշոր սոցիալական ներդրումներ իրականացնող ընկերությունն է։

Այսպես՝ 2020-2021 թթ. ընթացքում ԶՊՄԿ-ի իրականացրած համայնքային սոցիալական ծրագրերը գերազանցել են 15 միլիարդ դրամը։ Ծրագրերն  իրականացվում են համայնքային զարգացման, սոցիալական օգնության,  ենթակառուցվածքային,  մշակույթի, սպորտի առողջապահության ոլորտներում:  Ընկերության մատակարարների քանակը մոտ 700-ն է, որից մոտ 500-ը Հայաստանյան ընկերություններ են, որոնք երկրի տնտեսության վրա կոմբինատի ստեղծած զգալի մուլտիպլիկատիվ ազդեցության մաս են կազմում :

Տոնական նիստի ընթացքում տեղի է ունեցել  կոմբինատի վետերանների ու  լավագույն աշխատակիցների պարգևատրման արարողություն: Մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով են պարգեւատրվել երկու ձեռնարկությունների 37 վաստակաշատ աշխատակիցներ։

Նշենք, որ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հայաստանյան ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, Արմենիան մոլիբդենում փրոդաքշն (ԱՄՓ) և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունում աշխատում է ընդհանուր առմամբ 7355 աշխատակից։  2020-2021 թվականների տվյալներով ԶՊՄԿ-ում աշխատում է 4450 մարդ։ Անուղղակի աշխատատեղերի գործակցի հաշվարկով՝ ԶՊՄԿ-ն անուղղակի ապահովում է մոտ 15 հազար աշխատատեղ։

Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Քաջարանի մշակույթի պալատում բացվել է նաև Կապանի երկաբանական թանգարանի հանքագործության ու մետալուրգիայի ցուցանմուշների և ԶՊՄԿ պատմական լուսանկարների ցուցահանդես։ Տոնական օրն ամփոփվել է համերգով, որն անցկացվել է Քաջարանում և Ագարակում՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հովանավորությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել  հայաստանյան և ռուսաստանյան աստղեր։