Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ. իրազեկում
Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․
- էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) - շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,
- կրակայրիչ - բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,
- ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) - դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,
- օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ - բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,
- պլաստիկե շշեր - արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,
- ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ - դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։
Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։