Yerkir.am-ը ֆիասկո է փնտրում հաջողության փոխարեն

Yerkir.am-ը ֆիասկո է փնտրում հաջողության փոխարեն
Խորհրդային տարիներին հայտնի երգիծաբան կար՝ Իվանով, որն իր ելույթները սովորաբար սկսում էր որեւէ հեղինակի ձախողված բանաստեղծությունից մի հատված ընթերցելով եւ, բազմանշանակ նայելով հանդիսատեսին՝ ասում․ «Ստիպված էի ծաղրանմանակում գրել»։ Այս վերհուշի հերթական առիթը տվեց «Ագրարային համալսարանի հերթական ֆիասկոն» վերտառությամբ Yerkir.am-ի հերթական ձախողված բամբասանքը Ագրարային համալսարանի հասցեին։ 
Բայց ես ծաղրանմանակում չեմ անի։ Ագրարային համալսարանի հանդեպ սույն կուսակցական լրատվամիջոցի արտակարգ եւ անառողջ հետաքրքրությունը հասկանալն ու բացատրելը թողնում ենք իրենց եւ իրենց «արտահաստիքային թղթակիցներին» (ես էդքան «խմել» չեմ կարող)։
Փորձենք այլ բան հասկանալ․ ֆիասկո, այսինքն՝ կատարյալ ձախողանք ի՞նչն է համարում yerkir.am-ը՝ Ագրարային համալսարանի առկա ուսուցման համակարգ ընդունված դիմորդների շատ ցածր թիվը, որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես ընդունված դիմորդ չունենալը, ընդունվածների մեջ տնտեսագիտական մասնագիտությունների գերակայությունը։ Այո, սրանք փաստեր են, ընդ որում՝ ընդհանուր փաստեր երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգի համար։
Ֆիասկո՞ եք «ման գալիս»՝ դիտարկեք ամբողջ համակարգը եւ գուցե «հանկարծ» նկատեք տասնամյակներով չլուծված բազմաբնույթ խնդիրները հանրակրթության ոլորտում, մարզերի դպրոցների ուսուցիչների պակասը եւ ցածր որակավորումը, որի պատճառով միայն կրկնուսույցների հետ լրացուցիչ պարապելով են աշակերտները հազիվ-հազ անցողիկ միավորներ ստանում․ պատահական չէ միասնական քննությունները ձախողած դիմորդների թվի ավելացումը եւ միջին գնահատականի ցածրությունը՝ նախորդ տարվա համեմատությամբ։ Գուցե նաեւ նկատեք, որ բառացիորեն բոլոր բուհերում կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդներ չեն ընդունվել։ Բոլոր համալսարանները, որոնք միասնական քննությունների արդյունքներով են ընդունել դիմորդների՝ անցյալ տարվա համեմատ էականորեն ցածր ցուցանիշներ են ապահովել։ Նայեք մեր գործընկեր համալսարանների առկա համակարգի ընդունելության ցուցանիշները եւ կտեսնեք, որ պատկերն ընդհանրական է։ Գումարեք երկրի ու հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը․․․
Սա կրթության բնագավառում առկա 30 տարվա տխուր պատկերն է, կարեւորագույն այս ոլորտի պատասխանատուների՝ մատների արանքով նայելու տասնամյակների «քաղաքականության» հետեւանքը։ Սրա համար, ցավոք, ծանր գին են վճարել եւ դեռ վճարելու պետությունն ու հասարակությունը։ 

Այո, վատ է վիճակը կրթությունում։ Եվ այդ վիճակը հաղթահարելն ու առաջընթաց ապահովելը միայն բուհերի պարտքը  չէ կրթության համար պատասխանատու են բազմաթիվ օղակներ՝ պետությունից մինչեւ լրատվամիջոցներ։ Պատասխանատու եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցն ու լրագրողը (փառք Աստծո, այդպիսիք շատ կան) կփորձեր ազնվորեն վերլուծել առարկայական իրավիճակը եւ ոչ թե կթիրախավորեր մեկ բուհի, այն էլ՝ բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների առումով առաջատար բուհի։

Ոչ Yerkir.am-ի, այլ ընթերցողի համար նշեմ (Yerkir.am-ի պահվածքից շաաատ դժվար է գուշակել, որ երկրի ու հասարակության կրթական շահը իրեն հետաքրքրում է), որ առկա համակարգի ընդունելության խնդիրը Ագրարային համալսարանում կարճ ժամանակում կարգավորվելու է։ Որտեղից է գալիս այս վստահությունը վերջին տարիներին շարք մտած 40-ից ավելի նորարարական լաբորատորիաներն ու կենտրոնները, համալսարանում ստեղծված ուսանողակենտրոն միջավայրը, բարոյահոգեբանական հիմնիվեր փոխված մթնոլորտը եւ մասնագիտական աշխատաշուկայում առկա պահանջարկը անկասկած բարձրացնելու են ագրարային մասնագիտոիթյունների գրավչությունը։

Սա նշանակում է, որ Ագրարային համալսարանում լավ են հասկանում ագրարային կրթության կարեւորությունը մի երկրում, որի տնտեսության առանցքային եւ գերակա ոլորտ է գյուղատնտեսությունը։ Դուք կարծում եք Yerkir.am-ի՝ Ագրարային համալսարանին վերաբերող հրապարակումներում կտեսնե՞ք այդ առանձնահատուկ վերաբերմունքը ագրարային կրթության հանդեպ կամ դրա կարեւորության գիտակցումը Հայաստանի պարենային անվտանգության տեսակետից չեք տեսնի։

Ագրարայինի անցուդարձին փոքրիշատե տեղյակ մարդիկ գիտեն, որ համալսարանի գործունեության սեւեռակետն այսօր իր ավելի քան 4000 ուսանողներին բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ կրթություն տալն է, որի բավարար պայմաններն արդեն ստեղծված են։

Իսկ Ագրարայինի շրջանավարտներն այսօր պահանջված են աշխատաշուկայում։ Բավական է նշել, որ Ագրոնոմիական ֆակուլտետի բոլոր ուսանողները 3-րդ կուրսից սկսած աշխատանքային կիսամյակ են անցնում Հայաստանի առաջավոր ագրոձեռնարկություններում ու ֆերմերային տնտեսություններում, իսկ աշնանը աշխատանքային կիսամյակը կսկսեն մնացած մասնագիտությունների ուսանողները։

Ի վերջո, ո՞րն է բուհի եւ լայն առումով կրթության նպատակը՝ աշխատաշուկայի պահանջարկը բավարարե՞լը, թե ուսանողների թվաքանակ հաշվելը․․․ Մեր համալսարանում իրականացվող վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի արդյունավետության մասին կարող են հավաստել դրանց հարյուրավոր մասնակիցները, ծրագրեր, որոնք հետաքրքիր, կարեւոր եւ լավ վարձատրվող մասնագիտական աշխատանքի դուռ են բացել հարյուրավոր մասնակիցների համար, որոնք ստացել են սպանդանոցի անասնաբույժի, ինտենսիվ այգու, տնկարանի, ջերմատան ագրոնոմի, հավաստագրող-փորձորոշողի, գինու փորձագետի եւ մի շարք այլ որակավորումներ։ Որպես Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) առանցքային գործընկեր, Ագրարային համալսարանը 3000-ից ավելի երիատասարդների է վերապատրաստելու եւ տեղավորելու մասնագիտական աշխատանքի։ Մի՞թե հենց այս նպատակին չի կոչված բուհական կրթությունը։ Գուցե շնորհ անեք եւ հարցնեք այն հարյուրավոր տնտեսավարողների կարծիքը, որոնք Ագրարայինում ուսանելուց եւ վերապատրաստվելուց հետո ներդրումներ են անում գյուղատնտեսության ոլորտում եւ ստեղծում իրենց ձեռնարկությունները։

Մենք Ագրարային համալսարանում վայրկյան անգամ չենք կասկածում, որ կարգավորվելու է դիմորդների հոսքը՝ անկախ Yerkir.am լրատվականի անձնակազմի, լրագրողի կամ խմբագրի ցանկությունից։ Բայց․․․ Բարի կամքը սարեր է շրջում եւս մեկ անգամ, ինչպես ասում են՝ ամբողջ սրտով, անձամբ եւ հրապարակայնորեն լրատվամիջոցի ներկայացուցչին հրավիրում եմ Ագրարային համալսարան։ Սա լավագույն ձեւն է ոչ միայն առաջին ձեռքից տեղեկություն ստանալու, այլեւ, օրինակ, ծանոթանալու արդիական ու գերարդիական տասնյակ ենթակառույցներին, որ ստեղծվել են վերջին տարիներին՝ առաջին հերթին համալսարանի ռեկտորի ջանքով ու աշխատանքով, ընդ որում՝ ոչ համալսարանի, այլ արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ։

Եկեք, տեսեք ու գրեք այդպես վարվում են ազնիվ պրոֆեսիոնալները։ 
 
Սոս Ավետիսյան
ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ