Գորիսը զբոսաշրջային յոթ կլաստերից մեկն է, որոնց ստեղծման համար ընդհանուր առմամբ կուղղվի 120 մլն 500 հազար եվրո
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, Արմեն Խաչատրյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Արթուր Հովհաննիսյանի հետ օգոստոսի 24-ին այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։

Նախարարն այցելել է Գորիս, որտեղ ներկայացվել են «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակում զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ծրագրի նպատակն է խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով մարզերի տնտեսական ակտիվությունը։
Գորիսի զբոսաշրջային կլաստերը նախատեսված յոթ կլաստերից մեկն է, որոնց ստեղծման համար ընդհանուր առմամբ կուղղվի 120 մլն 500 հազար եվրոյի ներդրում։

Այնուհետև նախարարը և պատգամավորները շրջել են Գորիս համայնքում՝ ծանոթանալով նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի արդյունքներին։ Ծրագրով անհատական բնակելի տներ կառուցելու համար տրամադրվում է շուրջ 16 մլն դրամի աջակցություն, ինչի շնորհիվ վերջին երկու տարում կառուցվել են հարյուրավոր նոր տներ։ Միայն Գորիս համայնքի Քարահունջ գյուղում ծրագրի շրջանակում արդեն կառուցվել է 51 տուն։
Այցի ընթացքում նախարարն ու պատգամավորները հանդիպել են բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և քննարկել նրանց հուզող խնդիրները։