268 թափուր աշխատատեղ՝ Շիրակի մարզում․ համայնքները փնտրում են աշխատակազմի ղեկավարից մինչև գործավար

268 թափուր աշխատատեղ՝ Շիրակի մարզում․ համայնքները փնտրում են աշխատակազմի ղեկավարից մինչև գործավար

Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում և Աշոցքում, ընդհանուր առմամբ 268 թափուր աշխատատեղեր կան։ Նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից մինչև երկրորդ կարգի մասնագետ։

Թափուր պաշտոնների համալրման համար մրցույթներ են հայտարարվել։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից։

Ամենաշատ թափուր աշխատատեղերը Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններում են․ Արթիկում՝ 93, Ախուրյանում՝ 75, Աշոցքում՝ 55, Ամասիայում՝ 45։ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը հայտարարելուն պես արդեն մեծ թվով հետաքրքրվողներ կան, հատկապես՝ կրտսեր մասնագետների թափուր պաշտոնների համար։

Պահանջվող չափանիշներն այդ պաշտոնի համար այնքան էլ խիստ չեն, հետևաբար կան հաստիքներ, որոնցից յուրաքանչյուրին հավակնում է ավելի քան 1 տասնյակ դիմող։ Գլխավոր մասնագետի պաշտոնին ոչ բոլորը կարող են հավակնել, քանի որ մասնագիտական աշխատանքային ստաժ է պահանջվում։ «Դիմորդներն ակտիվ են, չորս կողմը գործազրկություն է, հայտարարություն են տեսել, աշխատատեղ է, փորձում են մասնակցել։

Այդ պաշտոններն այս պահին համալրված են ժ/պ-ներով, մինչև մրցույթը կկայանա։ Մրցույթն արդեն հայտարարված է, ժ/պ նշանակված անձն էլ կարող է իր ցանկությամբ մասնակցել։ Մրցույթ է՝ պահանջները կապահովի, կդառնա հիմնական աշխատակից, չի ապահովի, չի դառնա։


Ինչքան էլ մենք թիմային աշխատանքի կողմնակից լինենք, ցանկություն հայտնենք, որ պաշտոնները համալրվեն մեր թիմակիցներով, մեզ առաջնահերթ մասնագետներ են պետք։

Բոլոր բնագավառներում մասնագետների կարիք ունենք՝ իրավաբանություն, գյուղատնտեսություն, հաշվապահություն, գործավարություն, քարտուղարություն, բոլոր բաժինները դեռևս համալրված չեն մասնագետներով»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Արթիկ խոշորացված համայնքի աշխատակազի ղեկավար Արա Սուքիասյանն էլ ասաց, որ համայնքային ծառայության մասնագետների մրցույթը դեռ նոր է հայտարարված, հետևաբար, չեն կարող խոսել ակտիվության կամ մրցակցության մասին։

«Համայնքային ծառայողի ինչ պաշտոններ ունենք, բոլորի համար մրցույթ է հայտարարված՝ առանց բացառության, հիմա բոլորը ժ/պ-ներ են։ Մեր պաշտոնական կայքում տեղադրված է պահանջվող մասնագետների ցանկը, վարչական ղեկավարներին ևս ուղարկել ենք ցանկը՝ հանձնարարելով տեղերում փակցնել․ ով ցանկանում է մասնակցել, կմասնակցի, ով իրավունք ունի մասնակցելու, կմասնակցի։ Մեր մոտ բոլոր ընտրությունները թափանցիկ են կայանում։

Ակտիվության մասին դեռ վաղ է խոսելը, կարծում եմ՝ գլխավոր ու առաջատար մասնագետների թափուր պաշտոնների համար համեմատաբար քիչ դիմողներ կլինեն, որովհետև ստաժ է պետք և այլ, և այլն, և հետո աշխատավարձը՝ համեմատած մասնավոր սեկտորի հետ, ցածր է, ամեն մարդ չի գա այդ աշխատավարձով աշխատելու»,-ասաց Արա Սուքիասյանը։

Աղբյուրը՝   factor.am