Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի իրական հնարավորությունները
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների, փոքր հէկ-երի մեծ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ զրուցել ենք «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանի հետ:

-Պարոն Գաբայան, Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ տարբեր գնահատականներ կան, Ձեր գնահատմամբ այն ի՞նչ տեսակարար կշիռ ունի էներգաարդյունաբերության ընդհանուր ծավալում: Արդյո՞ք այստեղ Էներգետիկ ռեսուրսների թերօգտագործում չունենք։
-Ավանդաբար հինգ տիպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ կան՝ հիդրո, արևային, քամու, կենսաբանական և թերմալ: Թերմալ էներգետիկ աղբյուրները ստորգետնյա տաք ջրերի էներգիան են, ինչը գրեթե չունենք: Կենսաբանական էներգիայի աղբյուր է հանդիսանում բիոմասսան/կենսազանգվածը/, որն ինչ-որ չափով օգտագործվում է թռչնաբուծարաններում, ինչը Հայաստանում մասսայական կիրառում չի ունեցել: Հաջորդը քամին է։ Բարձրադիր վայրերում ուժեղ քամիներ կան, սակայն եթե օբյեկտիվորեն խոսենք՝ քամուց էլ չենք կարողանում օգտվել: Խնդիրն այն է, որ արդիական քամու կայանները բավական խոշոր սարքավորումներ են պահանջում: Մեծ ծավալով քամու էներգիա ստանալու համար սարքավորման մի թևը պետք է ունենա մոտավորապես 50-70 մ երկարություն, ինչը ոչ միայն դժվար է Հայաստան ներկրելու, այլև բարձրադիր վայրեր հասցնելու և տեղադրելու առումով։ Դրա համար այսօր քամին մեզ մոտ մղված է հետին պլան:
-Զարգացման արագ միտում է ցուցաբերում արևային էներգիայի կիրառումը։ Վերջին տարիներին էականորեն նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը, ինչը նպաստել է այս ոլորտում ներդրումների աշխուժացմանը։ Ի՞նչ հեռանկար կա այստեղ։
-Այո, բոլորը ոգևորված արևից են խոսում: Այս տեսակետից ես ամենապեսիմիստն եմ։ Հայաստանը սակավահող երկիր է։ Մեկ մեգավատ արևի հզորություն ստանալու համար շուրջ մեկուկես հեկտար տարածք է պետք: Որպես օրինակ կարող եմ բերել Ուկրաինան, որտեղ անծայրածիր տարածքների վրա կառուցվել են արևի հզոր կայաններ: Այսինքն՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը ևս սահմանափակված է: Այսօրվա տեխնոլոգիաներով զինված արևի կայանների օգտագործումը Հայաստանում նշանակում է կորցնել արոտավայրեր, որոշ գյուղատնտեսական նշանակության հողեր, կրճատել այդ տարածքներում ջրի պաշարի ծավալները:
-Այսինքն, արևային էներգիայի առումով շատ շռայլ հնարավորություններ չունենք։
-Շռայլ հնարավորություններ չունենք: Ճիշտ է՝ լավ արև ունենք, բայց տարածք չունենք: Միգուցե, տարիներ հետո, երբ որոշ տեխնոլոգիաներ փոխվեն, արևի էներգիան ապագա ունենա: Մի ուրիշ հարց էլ կա, որ շատ կարևոր է: Այսօր արևի էներգիա ստանալու սարքավորումները շատ արագ զարգանում են, շատ արագ փոխվում են: Կոպիտ ասած՝ դա համակարգչի պես մի բան է: Գնում ես 2000 դոլարով, երեք տարի հետո 100 դոլարով չես կարողանում վաճառել: Նույնը արևի էներգիայով աշխատող տեխնոլոգիաներն են: Այսօր վերցնում ես, 10 տարի հետո այդ ներդրումը 0 է դառնում: Սա հզոր կայանների մասով, սակայն, արևը լոկալ օգտագործման համար անփոխարինելի է: Օրինակ, Կիպրոսում մի տուն կամ շինություն չկա, որի վրա գոնե արևի տաքացուցիչ չլինի, որից ստանում են արևային էներգիա կամ ջերմային էներգիա: Սա շատ լուրջ և կարևոր խնդիր է, և այստեղ մենք շատ անելիք ունենք:

Հայաստանում արդեն կան արտադրողներ, բայց պետք է հասնենք նրան, որ այդ արտադրությունն այնքան զարգանա, որպեսզի գինը մատչելի լինի միջին գնողունակության քաղաքացու համար: Դա լուրջ ռեզերվ է մեզ համար և, չնայած չի կարող բոլոր խնդիրները լուծել, սակայն կբավարարի որոշակի պահանջարկ։
-Պարոն Գաբայան, փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտը Հայաստանում համարվում է վերականգնվող էներգետիկայի առաջատարը։ Այստեղ զարգացման ինչպիսի՞ հնարավորություններ կան և ի՞նչ խնդիրներ են առկա։
-Երբ խոսում ենք երկրի անկախության մասին, պետք է փաստենք, որ այն մի շարք ցուցանիշների համակարգ է, որոնցից մեկը էներգետիկ անկախությունն է: Երկիրը անկախ է համարվում, երբ կարողանում է գոնե իր էլեկտրաէներգիայի պահանջարկի 50-60%-ը արտադրել սեփական ռեսուրսներով: Ցավոք սրտի, Հայաստանն այսօր հիմնական էներգիան ստանում է ատոմակայանից, ջերմակայաններից, որոնք ներկրվող հումքի վրա են աշխատում: Այսինքն, մենք ունենք այն վտանգը, որ եթե այդ ռեսուրսները ինչ-որ պատճառով չմտնեն Հայաստան, մենք կունենանք էներգետիկ կոլապս: Հայաստանում գործող Որոտան և Սևան-Հրազդան հէկ-երի կասկադները շատ մեծ դեր ունեն էներգետիկ համակարգում: Ո՞րն է խնդիրը. ջերմակայանները և ատոմակայանն արտադրում են միշտ հավասարաչափ, նույն քանակի բազիսային էլեկտրաէներգիա: Տատանումները՝ պիկերը, կարողանում են ծածկել միայն հիդրոկայանները: Այսօր Սևան-Հրազդան կասկադն, աշխատելով ոռոգման գրաֆիկով, չի կարողանում փակել էներգետիկ պիկերը: Անհրաժեշտ է նաև նշել, որ այդ երկու կասկադն էլ գտնվում են ոչ հայաստանյան կառավարիչների սիրապետման ներքո: Այսօր, կարելի է ասել, որ մենք սեփական ռեսուրսներով ունենք միայն փոքր հիդրոէներգետիկա, որը վերջին 20 տարում բուռն զարգացում ապրեց Հայաստանում: Եվ ի զարմանս շատ երկրների, մենք հասանք նրան, որ փոքր հիդրոկայաններով կարողացանք ծածկել մեր պահանջարկի մինչև 15-17%-ը:

Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ կարողանում են իրենց ամբողջ էներգիայի պահանջարկը հիդրոէներգիայի, այսպես կոչված՝ մաքուր էներգիայի միջոցով բավարարել։ Կարող եմ Նորվեգիայի օրինակը բերել, որն ունիկալ երկիր է այդ տեսակետից: Ունենալով գազ, նավթ՝ ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 98 %ը ստանում է ջրի միջոցով, քանի որ նրա ազդեցությունը բնության վրա նվազագույն է:
-Պարոն Գաբայան, մեր ջրային ռեսուրսների և հէկ-երի հզորությունն ինչ հարաբերակցության մեջ են։
-Պոտենցիալը բավականաչափ օգտագործվում է, բայց նաև խնդիրներ ունենք: Սկզբնական շրջանում, երբ սկսեցին կառուցել փոքր հիդրոկայաններ, տեղադրվում էին ցածր որակի տեղական արտադրության սարքավորումներ: Բնակաբար, դրանք բարձր արդյունավետություն չունեին և երկար չէին կարող ծառայել: Եթե մենք քանակական առումով կարող էինք ասել, որ հիդրոկայանները ապահովում են պահանջարկի 15%-ը, ապա այսօր արդեն իրականում այդպես չէ։ Շատ կայանների սարքավորումներ հնացել են և չեն կարողանում տալ լիցենզիայով նախատեսված հզորությունները: Իրավիճակը բարելավելու լուրջ խնդիր և հնարավորություն ունենք՝ պետք է արդիականացնել այդ սարքավորումները, ավելացնել հզորությունները:
-Իսկ բնապահպանական առումով ի՞նչ պատկեր ունենք:
-Շատ խոսակցություններ գնացին՝ մանավանդ վերջին տարիներին, որ փհէկ-երն ազդում են շրջակա միջավայրի վրա և այլն: Իրականում արդիականացնելով սարքավորումները, ստեղծում ենք լրացուցիչ հզորություն՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցությունները մեծացնելու: Սա այսօր շատ կարևոր խնդիր է:
Ամբողջ աշխարհում փոքր հիդրոէներգետիկան և բնապահպանությունն իրար զուգահեռ են գնում, մեզ մոտ՝ ոչ: Չգիտես ինչու, մեզ մոտ դրանք հակադրվում են մեկը մյուսին: Իրականում այդ հակադրությունը ոչ մի լավ բանի չի բերում: Մինչև մենք չսովորենք տանդեմով աշխատել իրար հետ, երբեք լավ արդյունքի չենք հասնի:
Այսօր ամենամեծ խնդիրը ջրօգտագործման թույլտվությունների տրման համակարգն է՝հէկ-ի հնարավոր հզորությունները գնահատելու փուլում։ Գետի բաց հունով մի տարի շատ ջուր է գալիս, մի տարի՝ քիչ։ Գետի հոսքերի միջին մեծության հիման վրա որոշվում են կայանի հնարավոր ջրառը և հզորությունը։ Ի՞նչ է նշանակում միջին: Եթե կայանը պետք է աշխատի 20 տարի, ապա հանգիստ կարելի է ասել, որ 10 տարի ջուրը ավելի քիչ կլինի, քան ջրի թույլատրված քանակությունը: Ջրօգտագործման թույլտվությունը տալիս՝ պահանջ է դրվում չգերազանցել միջին հաստատված ջրառը:
Այսինքն, ի՞նչ է ստացվում: Երբ ջուրը գետում քիչ է, բնականաբար, թույլատրված քանակությունը չես կարող վերցնել: Շատի դեպքում թույլ չի տրվում վերցնել առկա հնարավոր քանակությունը, և ավելցուկը առանց օգտագործվելու, հոսում է մեր երկրի սահմաններից դուրս։ Այսպիսով, ունենք հիդրոկայան, ունենք հզորություն, կարող ենք արտադրել էներգիա, բայց ասում են՝ ո՛չ, մի՛ արտադրի, քանի որ քո լիցենզիայի մեջ այս թիվն է գրված: Ոչ մի երկրում նման մոտեցում չկա: Թվում է շատ հասարակ, պարզ բան է, բայց, ցավոք սրտի, մենք 10 տարուց ավելի պայքարում ենք դրա դեմ և չենք կարողանում արդյունքի հասնել: Նմանատիպ խնդիր ունենք նաև սահմանային գետերում, որտեղ անհրաժեշտ է վերանայել օրենսդրական հիմքերը: Եթե ամփոփելու լինենք իրավիճակը, ապա մի բան պարզ է, մինչև չկարողանանք ստեղծել թիմային աշխատանք արդյունաբերությամբ և էկոլոգիայով զբաղվող կողմերի միջև, երբեք ոչ մի լավ բանի չենք հասնի: Պետք է ամեն ինչ անենք խելամտության սահմաններում։
Մենք ամբողջ ազգով խոսում ենք, թե Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա: Այսօր, չունենալով լուրջ արտադրություն Հայաստանում, մեր էներգետիկ համակարգով մի կերպ փակում ենք սեփական պահանջարկը, բայց, պատկերացնու՞մ եք, եթե զարգանա տնտեսությունը։ Այսօրվա մեր արտադրածի համեմատ առնվազն 6-7 անգամ ավելի էլեկտրաէներգիա պետք է արտադրենք, որ կարողանանք լուրջ արտադրության մասին խոսել։ Այստեղ խնդիրը հետևյալն է, եթե ունես ռեսուրս, բարի եղիր քո ռեսուրսը մաքսիմալ օգտագործել և նոր գլուխդ թեքել դրսի ռեսուրսի կողմը:
Ջրային ռեսուրսներին հպանցիկ անդրադառնանք մի այլ տեսակետից։ Ջրերն առաջանում են Հայաստանի տարածքում: Միակ հոսքերը, որ մենք ունենք Ախուրյան, Արաքս գետերում են, որ հիմնականում գալիս են Թուրքիայից: Տեսեք Թուրքիան ինչ է անում․ վերջին 10-15 տարիների ընթացքում Թուրքիան մոտ 80 %-ով փակեց այդ հոսքերը: Իր տարածքներում կառուցեց ջրամբարներ, պաշարեց այդ ջրերը: Ստացվում է, որ սահմանամերձ գետերի հիմնական ջրերը Հայաստանում առաջացած ջրերն են: Թուրքիայից գալիս է շատ քիչ ջուր: Բայց քանի որ այն անդրսահմանային գետ է, հավասարապես կիսվում է երկու հարևան երկրների միջև:
Չնայած Հայաստանը սակավաջուր երկիր է, մենք չենք կարողանում մեր տարածքում առաջացած ջրերի նույնիսկ 50%-ը ամբարել և օգտագործել մեզ մոտ: 50 %-ից ավելին Հայաստանի սահմաններից դուրս է գալիս: Այստեղ մեր ռեսուրսները պահելու լուրջ ռազմավարական խնդիր ունենք լուծելու․ պետք է լրջությամբ զբաղվել ջրամբարաշինությամբ: Ջրամբարը նաև ոռոգման համակարգ է, նոր ոռոգվող տարածքներ և, ինչու չէ, նաև նոր էներգետիկ ռեսոուրսներ։ Այսինքն, հեշտ խնդիր չէ, որովհետև ջրամբար կառուցելը թանկ հաճույք է։ Դա հեշտ բան չէ, բայց առանց դրա մենք ապագա չունենք։ Զուր չեն այն խոսակցությունները, որ մոտավորապես 30-40 տարի հետո ջուրը դառնալու է շատ ավելի կարևոր ռեսուրս, քան նավթը, գազը և այլն։
Այսինքն, եթե մենք այսօր չմտածենք դրա մասին, վաղը մեզ չեն էլ թողնի մտածել, որովհետև անդրսահմանային ջրերի միջազգային կոնվենցիա կա։ Այն ջուրը, որ մտավ սահման, պետք է հավասարաչափ կիսվի հարևանների միջև։ Եթե մենք թողնենք այդ ջրերը գնան, վաղը մեր հարևանները այդ ջրերի վրա կկառուցեն համակարգեր և մենք լուրջ միջազգային խնդիրներ կունենանք։