Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է. տնտեսագետը՝ պատճառների մասին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է. տնտեսագետը՝ պատճառների մասին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, կազմել է  ավելի քան 12 մլրդ 942 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 41.1 տոկոսով: Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված սթրեսային իրավիճակը, «թվային աղմուկը» նահանջում է, պարզապես դադարում է գործել նախորդ 2 տարիներին նկատված ոսկու առևտրի սխեման, վերաարտահանման երկնիշ աճը հետընթաց է ապրում, ինչը առողջ գործընթաց է, Հայաստանի ապրանքաշրջանառության որակի կամ արտաքին մրցունակության վրա բացասական առումով ազդեցություն չունի և չի ունենա:  Քթոյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Ունեինք մի խոշոր կտոր, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմին ածանցված իրավիճակով: Ըստ էության, դա սթրեսային իրավիճակ էր: Այդ սթրեսային իրավիճակից բխում են գործողություններ, որոնք ցուցանիշների առումով որոշակի դրական փոփոխություններ արձանագրում են: Օրինակ՝ նախորդ 2 տարիներին ապրանքաշրջանառության ավելացումը: Բնականաբար, այս սթրեսը չի կարող անվերջ տևել: Ալիքը հետ է գնում: Եվ դա արտահայտվում է երկնիշ նվազմամբ, ինչպես ունեինք երկնիշ, նույնիսկ եռանիշ աճ նախորդ տարիներին»,-ասաց Քթոյանը:  

Նա նշեց՝ արտաքին ապրանքաշրջանառության մեջ մի խոշոր կտոր ոսկու առևտուրն էր: Մի կտորը Ռուսաստանից ներմուծումն էր, մյուս կտորը՝ մասնավորապես դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը:  

«Քանի որ այդ գործառնությունը բազմապատիկ անգամ նվազել է, այդ սթրեսային ալիքը չեզոքանում է, բնականաբար, դա արտահայտվում է նաև ցուցանիշների մեջ: Բայց ասել, թե դրանից մեր ապրանքաշրջանառության որակի նվազում կամ արտաքին մրցունակության նվազում ենք ունենում, ոչ: Պարզապես ոսկու առևտրի այդ սխեման դադարում է գործել»,-ասաց տնտեսագետը: 

Նա նկատեց՝ մշակող արդյունաբերության ոլորտում հիմնական մետաղների արտադրությունում, որն ըստ էության, այդ գործարքին ածանցյալ օղակ է հանդիսանում, երկնիշ նվազում կա: «Բոլոր ոլորտների հանրագումարային նվազումն ավելի փոքր է, քան հիմնական մետաղների արտադրության նվազումը: Դա նշանակում է՝ եթե հիմնական մետաղների արտադրության նվազման հանգամանքը չդիտարկենք, որը պայմանավորված է ոսկով, մնացած մյուս ոլորտների մասով ունենք որոշակի ավելացում»,-նկատեց Քթոյանը: 

Հայաստանն 8 ամսում արտահանել է 5 մլրդ 939.3 հազար դոլարի ապրանք, ինչը նվազել է 48.8 տոկոսով, իսկ ներծումը նվազել է 34.9 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 941 մլն 809.3 հազար դոլար: 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ թեև տեսակարար կշռով Հայաստանն ամենաշատ առևտրաշրջանառությունը շարունակել է ունենալ Ռուսաստանի (ընդհանուր առևտրաշրջանառության 34.8 տոկոսը­), Չինաստանի հետ (12.8 տոկոս), ԱՄԷ-ի հետ (10.1 տոկոսը), սակայն երեքի հետ էլ ծավալներն էականորեն նվազել են: 

Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն 8 ամսում նվազել է 51.3 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 500 մլն 525.6 հազար դոլար: Հունվար-օգոստոսին Հայաստան-ԱՄԷ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1 մլրդ 310 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 69.9 տոկոսով: Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն 8 ամսում կազմել է 1 մլրդ 661 մլն 566.3 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 11 տոկոսով:   

Տնտեսագետը նկատեց, որ Չինաստանի դեպքում ևս ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքն անուղղակի կերպով որոշակի դերակատարում ունի:  

«Նախորդ 2 տարիներին մենք ունեինք վերաարտահանման թռիչքային ավելացում, դրանով պայմանավորված՝ ցուցանիշների երկնիշ, նույնիսկ եռանիշ աճ: Տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա դա անդրադառնում էր, բայց համապատասխան ավելացված արժեք չէր ստեղծվում: Դա ավելի շատ կարելի է համարել «թվային աղմուկ», քան տնտեսության մրցունակության բարձրացման վկայություն: Հիմա այդ պրոցեսը հետընթաց է ապրում: Մեր տնտեսության մրցունակության, դիմակայունության տեսանկյունից դա ավելի առողջ գործընթաց է»,-ասաց Քթոյանը: 

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 49.9 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ  728 մլն 565.2 հազար դոլար: Ընդ որում, ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 5.9 տոկոսով, ներմուծումը՝ 61.7 տոկոսով:  

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 577 մլն 190.2 հազար դոլար: Ընդ որում, ԵՄ երկրները արտահանումը նվազել է 0.2 տոկոսով, ներմուծումն աճել է 7.3 տոկոսով:   

ԵՄ որոշ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է, որոշների հետ՝ նվազել: Մեծ ծավալով՝ 2.4 անգամ աճել է Ռումինիայի հետ առևտրաշրջանառությունը՝ կազմելով 66 մլն 416.4 հազար դոլար: 47 տոկոսով աճել է Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը՝ հասնելով 150 մլն 247.2 հազար դոլարի: Բուլղարիայի հետ առևտրաշրջանառությունը, օրինակ, նվազել է 31.2 տոկոսով՝ կազմելով 53 մլն 123.4 հազար դոլար:  

Անդրադառնալով ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության աճին՝ տնտեսագետը նկատեց՝ երևույթի վրա ազդում են տարբեր գործոններ: Շատ բարդ է առանց համապատասխան վերլուծությունների հասկանալ, թե որ գործոնն ինչ նպաստում է ունեցել: Քթոյանը նման գնահատականների բացակայության պայմաններում չշտապեց հստակ պատճառներ ու գործոններ նշել:  

Սակայն նա նշեց՝ կրկին պետք է հաշվի առնել, որ ապրանքաշրջանառության մի զգալի կտոր պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրողություններով: «Նաև ԵՄ առանձին երկրներից մեքենասարքավորումների, էլեկտրատեխնիկական արտադրանքի ներմուծում էր իրականացվում և դա միջնորդավորված ձևով ուղղվում էր ռուսական շուկա: Եթե այս սխեմաների մասով բիզնեսն արդեն որոշակի սահմանափակումներ ունի և լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս, բնականաբար, նաև առաջարկի մասով կլինեն սահմանափակումներ: Պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ»,-նշեց Քթոյանը: 

Տնտեսագետն ընդգծեց՝ ասվածը ոչ թե միանշանակ պնդում, այլ նախորդ միտումներից բխող տրամաբանական դատողություն է,  ավելի խորը դատողություններ անելու համար պետք է համապատասխան մոդելներ աշխատեցնել, ավելի խորքային մոդելային գնահատականներ ունենալ: