2010 թվականից ի վեր՝ այս տարվա մայիսին, իրականացվել են ամենաշատ գործարքներն անշարժ գույքի շուկայում

2010 թվականից ի վեր՝ այս տարվա մայիսին, իրականացվել են ամենաշատ գործարքներն  անշարժ գույքի շուկայում

Այս տարի Հայաստանում անշարժ գույքի շուկան բավականին ակտիվ է։ Դա են վկայում պաշտոնական վիճակագրությունը և անշարժ գույքի շուկայի մասնագետները։  2010 թվականից ի վեր՝ այս տարվա մայիսին, իրականացվել են ամենաշատ գործարքները, ավելացել է ինչպես առուվաճառքը, այնպես էլ վարձակալությունը:

Ըստ ՀՀ  Կադաստրի կոմիտեի Հայաստանում 2022 թվականի անժարշ գույքի շուկայի վերլուծության տվյալների՝  այս տարվա մայիս ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 հազար 822 գործարք: Ապրիլ ամսվա համեմատ գործարքները 7.1 տոկոսով աճել են ամբողջ հանրապետությունում, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ՝ աճել են 10.8 տոկոսով: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր ցուցանիշը գրանցվել է Երևան քաղաքում՝  317 տոկոս, իսկ առավել ցածրը՝ Վայոց Ձորի մարզում՝ 20 տոկոս։

Մայիս ամսին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 32,8 տոկոս, գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածրը՝ 17 տոկոս՝ Վայոց Ձորի մարզում։

Գների բարձրացման մասին  են վկայում նաև անշարժ գույքի գործակալները։ «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը նշում է՝ շուկայի առուվաճառքի ակտիվությունը դեռ տարվա սկզբից էր նկատվել։ Անշարժ գույքի գներն աճել են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում։

«Աճը պայմանավորված է թե՛ պահանջարկով, թե՛ փոխարժեքի տատանումներով։ Առուվաճառքի շուկայում մարդիկ հիմնականում դոլարով են հանում վաճառքի, գործարքը, սակայն, դրամով է լինում, ինչը դժվարություններ է առաջացնում։ Անցած տարվա համեմատ 40 տոկոս գնաճ ունենք նաև վարձակալության շուկայում»,- մեզ հետ զրույցում ասում է նա։

Ըստ նրա՝ վաճառքի գները բարձրացել են նաև հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակման մասին օրենքի հետևանքով, ըստ որի՝ անշարժ գույքի առք ու վաճառքը միայն անկանխիկ է իրականացվում։ Մարդիկ չեն կարող այլ տարադրամով գործարք անել, իսկ նախկինում կարող էին գործարքի դիմաց միմյանց նաև դոլար փոխանցել։

«Դոլարի կուրսի բարձրացմանը զուգահեռ փոխվել է գույքի դրամով գինը։ Հիմա 500-ի փոխարեն  400 է փոխարժեքը։ Մի բնակարանը, որը վաճառվում էր 80 հազար դոլարով, այսօր 100 հազարին մոտ թիվ է դարձել։ Քաղաքի տարբեր համայնքներում կառուցապատողների մոտ էլ ահագին մեծ մրցակցություն կա, որ իրենց գույքն ավելի շուտ վաճառեն»,- նկատում է նա։

Թե ո՞ր վարչական շրջաններում են բնակարանների գները բարձրացել, Հարությունովի խոսքով՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում պատկերը նույնն է ։ Բնակարանի մեկ քառակուսու գինը՝ 800-ից մինչև 3000-4000 դոլար` կախված համայնքից, շենքի տեսակից։

«Սովորաբար մարդիկ կենցաղային պայմանները բարելավելու համար հարմարվում են իրենց գրպանին։ Ավելի մեծ պահանջարկ ունեցող համայնքներն են Դավթաշենը, Արաբկիրը։ Եթե բիզնես նպատակով են գնում, ապա այս դեպքում ցանկալին Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններն են։ Նաև վարձակալություններն են Կենտրոնում ու Արաբկիրում ավելի շատ, քան մնացած շրջաններում։ Մարդիկ բնակարան գնելիս տարբեր գործոնների են ուշադրություն դարձնում»,- ասում է Հարությունովը։  Նա փաստում է՝ այս պահին առուվաճառքի ակտիվ փուլում ենք։

Անշարժ գույքի բորսայի փոխտնօրեն Անատոլի Պրիբիլսկին մեզ հետ զրույցում նույնպես շեշտում է՝  որքան նվազում է դոլարը, այնքան բարձրանում են անշարժի գույքի գները։ Վարձակալության և առուվաճառքի գների աճը ամենից շատ նկատվում է Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում։

«Եթե մենք ունենք 15-20 տոկոս  դոլարի արժեզրկում դրամի նկատմամբ, այդ չափով նաև բարձրացել է դոլարային արտահայտությամբ արժեքները։ Բոլոր վարչական շրջաններում նույն պատկերն է, բոլորը բոլորի օրինակով բարձրացնում են  գները։ Մոտավորապես նույն ակտիվությունն է եղել տարվա բոլոր ամիսներին։ Վարձակալությամբ հետաքրքրվում են հիմնականում ՌԴ-ից և այլ երկրից եկած քաղաքացիները։ Դա բերեց նրան, որ քիչ մնացին ազատ բնակարաններ»,- նշում է նա։

Ըստ ՀՀ կադաստրի լոմիտեի վերլուծության՝ մայիսին իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 5 հազար 74  գործարք, ինչը  այս տարվա ապրիլի համեմատ աճել է 13,1 տոկոսով, իսկ 2021 թվականի մայիսի համեմատ՝ 13,4 տոկոսով։ Երևան քաղաքում 2022 թվականի ապրիլի համեմատ աճել է 05 տոկոսով, 2021-ի մայիսի համեմատ՝ 26,6 տոկոսով։ Մայիսի ամսին անշարժ գույքի առուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 18,6 տոկոսը արձանագրվել է Արաբկիր, իսկ առավել ցածրը՝ 0,6 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսին Երևանում բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն ապրիլի համեմատ աճել են 1.5 տոկոսով, իսկ 2021-ի մայիսի համեմատ՝ 17.2 տոկոսով: