1000 խոշոր հարկատուների կողմից 2022թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը

1000 խոշոր հարկատուների կողմից 2022թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ (NCPPR) -ն վերլուծել է  2022 թ․-ին առաջին կիսամյակում է 1000 խոշոր հարկատուների   վարքագիծը։

2022թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը գերազանցել է 722 մլրդ դրամը, ինչը 33%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից (գծ. 1): 2022թ․ մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021թ․ , այլ նաև դրան նախորդող, այդ թվում՝ տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ։

1.jpg (48 KB)

2022թ. առաջին կիսամյակում, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, էական փոփոխություններ են արձանագրվել նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության պարագայում: Այսպես, 2022-ի հունվար-հունիս ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 216 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 90 մլրդ դրամով (գծ. 2): Նույն կերպ, շուրջ 136 մլրդ դրամով կամ 43 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների պարագայում:

2.jpg (63 KB)

2021-ի համեմատությամբ ավելի քան 25% ավելացում է արձանագրել 1000 խոշորագույն հարկատուների ցանկի վերջնամասում տեղ զբաղեցնող ընկերությունների կողմից վճարված հարկերի մեծությունը: Այսպես, ցանկի վերջին հարյուրակում գտնվող հարկատուների վճարումները 2022թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 12,6 մլրդ դրամ` 2021-ի 9.9 մլրդ դրամի փոխարեն (գծ. 3)

3.jpg (64 KB)

1000 հարկատուների ցանկում առաջին և վերջին 100-յակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը 2022թ. առաջին կիսամյակի համար կազմել է 35 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ բարձր է, սակայն միաժամանակ՝ ցածր է դիտարկվող ժամանակահատվածի մյուս տարիների համեմատությամբ։ Առաջին և վերջին տասնյակի հարկատուների վճարած հարկերի հարաբերակցությունը 2022-ին 180 անգամ է, ինչը ևս ավելի բարձր է, քան նախորդ տարում գրանցված հարաբերակցությունը (գծ. 4): 

4.jpg (77 KB)

20221թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով ՀՀ-ում գործող 114 ընկերություն վճարել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր: 2021-ին այդպիսի հարկատուների թիվը 103 էր, 2020-ին՝ 91, իսկ դրան նախորդող տարիներին՝ էլ ավելի քիչ: Նույն կերպ, 2022-ի հունվար-հունիս ամիսների արդյունքներով, 244 ընկերության և կազմակերպության հարկային վճարումների գումարը գերազանցել է 500 մլն դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի հարկատուների թիվը 203 էր: 

2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով, խոշոր հարկատուների ցանկում ներառված չեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնց վճարած հարկերի ընդհանուր մեծությունը չի գերազանցում 100 մլն դրամը, մինչդեռ նախորդ տարի ցանկում ներառվել էր 60 այդպիսի հարկատու, իսկ, օրինակ, 2020թ․ դրանց թիվն էլ ավելի մեծ էր․ ցանկում ներառված հարկատուների 1/5-ը վճարել էր 100 մլն դրամից պակաս հարկեր (գծ. 5):

5.jpg (60 KB)

Ավելին, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար 2022թ. առաջին կիսամյակում պետք էր վճարել շուրջ 120 մլն դրամի հարկ, այն դեպքում, երբ 2021-ին ցանկում ներառվելու համար բավարար կլիներ 95 մլն դրամը, իսկ 2020-ին՝ 75 մլն դրամի չափով հարկային պարտավորությունների կատարումը:

Վերլուծությունն ամբղջությամբ