Աշխարհում ծայրահեղ աղքատությունը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության հիմնական մարտահրավերներից մեկը
Աշխարհում ավելի քան 839 միլիոն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում՝ ստանալով օրական երեք դոլարից պակաս եկամուտ, նշում են Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի վերջին զեկույցները։ Չնայած վերջին տասնամյակներում արձանագրված որոշ դրական միտումներին՝ աղքատության կրճատման տեմպերը վերջին տարիներին զգալիորեն դանդաղել են։
Ամենաբարձր աղքատության ցուցանիշներն այսօր արձանագրվում են Աֆրիկայի ենթասահարային տարածաշրջանում, որտեղ բնակչության շուրջ 46 տոկոսը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Տվյալների համաձայն՝ Հարավային Սուդանում աղքատությունը հասնում է 82.3 տոկոսի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ 76.8 տոկոսի, իսկ Մադագասկարում՝ շուրջ 70.7 տոկոսի։
Փորձագետների խոսքով՝ աղքատության դինամիկան դրական էր մինչև համավարակը․ 1990-2020 թվականների ընթացքում ավելի քան մեկ միլիարդ մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատության գոտուց։ Սակայն համաշխարհային ճգնաժամերը՝ համավարակը, ռազմական բախումները և կլիմայական փոփոխությունները, կասեցրել են այդ առաջընթացը։
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը շուրջ 622 միլիոն մարդ դեռ կապրի ծայրահեղ աղքատության մեջ։ Զեկույցը շեշտում է նաև, որ սոցիալական պաշտպանության ծրագրերը շարունակում են մնալ սահմանափակ, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ դրանց ընդգրկվածությունը չի գերազանցում 10 տոկոսը։
ՄԱԿ-ի փորձագետների դիտարկմամբ՝ առանց համընդհանուր տնտեսական բարեփոխումների և կրթական ու առողջապահական համակարգերի ամրապնդման՝ ծայրահեղ աղքատությունը կմնա երկարաժամկետ գլոբալ խնդիր։
«Վերջին տարիներին առաջընթացը դանդաղել է։ Եթե այս միտումը չկոտրվի, մենք չենք հասնի ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակին՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը մինչև 2030 թվականը»,- նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։