Քերոբյանը գյուղացիական տնտեսությունների ցածր արտադրողականությունը կապեց հողակտորների փոքր չափերի հետ

Քերոբյանը գյուղացիական տնտեսությունների ցածր արտադրողականությունը կապեց հողակտորների փոքր չափերի հետ

«Գիտեք, որ 90-ական թվականներին հողային ռեֆորմներ են տեղի ունեցել, գյուղացիներին բաժանվել են հողակտորներ և այսօր ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություն ունի մոտ 1.100.000 հողակտոր, միջին գյուղցիական տնտեսության 1.5 հեկտար տարածքը բաղկացած է միչինը 4 տարբեր տեղերում գտնվող կտորից»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարը և դրանով բացատրեց գյուղացիական տնտեսության ցածր արտադրողականությունը:

Նախարարը զեկուցեց ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:

Քերոբյանը վստահեցրեց, որ այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 %-ը, մնացածը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում:

«Մեր ծրագրի էությունն այն է, որ այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք մեզ հետ պրոցեսը սկսելուց հետո կհավաքեն մի հողային միավորի մեջ 30-200 հա հողային միավոր, կստեղծեն մի մեծ հողային միավոր, կառավարությունը կաջակցի այդ հողային միավորը բարելավելու՝ մելեորացիայի տեսքով և ջրավազանի կառուցմամբ: Մեր գնահատականներով միջին հեկտարի վրա կատարված ծախսը գնահատվում է 2մլն 700 հազար դրամ  և մենք պատրաստ ենք այդ ծախսերի 50 %-ը փոխհատուցել»,-հայտարարեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված է, որ 2023-2025 թթ. ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացրած հողակտոր կձևավորվի, իսկ կառավարության թիրախն է 2026 թվականին վարելահողերի մշակման մակարդակն այսօրվա 50 %-ից բարձրացնել մինչև 75 %, ինչին էլ միտված է ծրագիրը:

Աղբյուրը՝   panorama.am