Մի շարք երկաթուղայիններ պարգևատրվել են

Մի շարք երկաթուղայիններ պարգևատրվել են

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում։ Միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատուներ, երկաթուղայիններ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունը։ 

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությանն ու կարևորությանը. «Այսօր ձեր մասնագիտական տոնի նախաշեմին՝ շնորհավորում եմ բոլորիդ և հատկապես ավագ սերնդի աշխատակիցներին, քանզի նրանք մեծ ավանդ ունեն երկաթուղու անխափան աշխատանքի, հանգույցի կայացման գործում։ ՀՀ կառավարությունը՝ կարևորելով երկաթուղային ցանցի ու ոլորտի զարգացումը, 2021-2026թթ․ ծրագրում առանձնահատուկ տեղ է տվել ցանցի արդիականացմանը։ Այս հարցերի շուրջ մենք պարոն Մելնիկովի հետ քննարկում ունեցել ենք և վստահ եմ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը կլինի շարունակական ու արգասաբեր՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ Հարավկովկասյան երկաթուղիների զարգացման»։

297286237_355700926752769_4602618993982853327_n.jpg (223 KB)

Երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել ընկերության աշխատակից Արամայիս Մելքոնյանը։ Մի շարք աշխատակիցների պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Գյումրու քաղաքային իշխանությունների անուններից։