Ջեռուցման վճարները պետք է բարձրանան՝ էներգախնայողությունը խրախուսելու համար. ԱՄՀ

Ջեռուցման վճարները պետք է բարձրանան՝ էներգախնայողությունը խրախուսելու համար. ԱՄՀ

Անհրաժեշտ է ջեռուցման համար վճարների բարձրացում թույլ տալ՝ էներգախնայողության խթանման եւ ածխածնի զրոյական արտանետումներին ուղղված քայլերի արագացման համար, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):

ԱՄՀ-ն կառավարություններին կոչ է արել չսուբսիդավորել տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի ծախսերը, քանի որ պնդում էր, որ սպառումը պետք է նվազի՝ մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումն այս ձմռանը, հայտնում է The Telegraph-ը։
Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ էլեկտրաէներգիայի վարձավճարների արհեստական ​​կրճատումը միայն կխորացնի մոտալուտ ճգնաժամը՝ մեծացնելով դեֆիցիտի վտանգը եւ խրախուսելով կախվածությունը հանածո վառելիքից:

ԱՄՀ-ի՝ Եվրոպայի գծով փոխտնօրեն Օյա Սելասունն ասել է, որ «կառավարությունները պետք է մանրածախ գների բարձրացում թույլ տան՝ էներգիայի խնայողության խթանման եւ աղքատ տնային տնտեսությունների պաշտպանության համար»:

Եվրոպական երկրները շտապեցին աջակցելու տնային տնտեսություններին, որոնց եկամուտներին մեծ հարված է հասցվել էլեկտրաէներգիայի վճարների կտրուկ աճի պատճառով։

Սակայն տնային տնտեսությունների բյուջեին հասցված հարվածը մեղմելը նշանակում է, որ քիչ հավանական է, որ նրանցից շատերը կկրճատեն իրենց էներգիայի օգտագործումը: Դա կկանխի պահանջարկի անկումն առաջարկին համապատասխան եւ գներն ավելի երկար բարձր կպահի։

«Նրանք պետք է թույլ տան, որպեսզի վառելիքի ծախսերի աճն ամբողջությամբ փոխանցվի վերջնական օգտագործողներին՝ էներգիայի խնայումը եւ հանածո վառելիքներից հրաժարումը խրախուսելու համար: Քաղաքականությունը պետք է լայն աջակցությունից, ինչպիսին է գների վերահսկումը, անցում կատարի դեպի նպատակային օգնություն, ինչպիսին է փոխանցումները ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժում էլեկտրաէներգիայի ավելի բարձր վճարներից»,- ասել է Սելասունը:

Նրա խոսքով՝ տնային տնտեսություններին հասցված հարվածի մեղմացումը «էներգակիրների համաշխարհային պահանջարկը եւ գներն ավելի բարձր է պահում, քան դրանք կլինեին հակարակ դեպքում»։

ԱՄՀ-ն կոչ է արել աջակցություն տրամադրել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն, այն բանից հետո, երբ պարզել է, որ Մեծ Բրիտանիայի ամենաաղքատ տնային տնտեսությունների մեկ հինգերորդի կյանքի համար ծախսերը, ինչպես ակնկալվում է,  երկու անգամ ավել կբարձրանան, քան ամենահարուստների համար, ինչն ամենամեծ խզումներից է Եվրոպայում։

Նավթի եւ գազի գներն այս տարի կտրուկ աճել են ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, ընդ որում, աճի մեծ մասը բաժին է ընկնում տնային տնտեսություններին: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն էմբարգո են սահմանել ռուսական նավթի նկատմամբ, մինչդեռ Ռուսաստանը սկսել է կրճատել գազի մատակարարումները։

Վերլուծաբանները նախազգուշացրել են, որ էներգակիրների գների արավելագույն շեմը հունվարին կբարձրանա մինչեւ 3616 ֆունտ ստեռլինգ եւ կմնա տարեկան 3000 ֆունտից բարձր մակարդակում մինչեւ առնվազն 2024 թվականը՝ մինչեւ պատերազմը 1300 ֆունտ ստեռլինգի համեմատ։

Աղբյուրը՝   news.am