Ջրային պարեկները հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ

Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները  դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին կանգնեցրել են Կարճաղբյուր գյուղի բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 85 հատ, 29 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ:

Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ  վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։

Գերատեսչությունից նշում են, որ նույն օրը՝ ժամը 09։05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան։

Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ, 101,8 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ թերակղզու հարակից տարածքում, ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։

Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ, 25,4 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել 

Ոստիկանությունից նշում են, որ հանգամանքները պարզվում են։