Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը

Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։

Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, որոշմամբ առաջարկվում է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40%, այլ մշակաբույսեր՝ 60%)։

Ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու նպատակով` որոշմամբ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:

Ընդ որում, փոխհատուցման հաշվարկում ներառվող փաստացի իրականացված վնասի գնահատման ծախսերի առավելագույն չափը տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ, սահմանում է գործակալության խորհուրդը:

Միաժամանակ հստակեցվել է, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների ստացման համար կարող են դիմել յուրաքանչյուր ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո։