Ո՞ր ուղղություններով է աճում Հայաստանի ներմուծումը

Ո՞ր ուղղություններով է աճում Հայաստանի ներմուծումը

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը 3 մլրդ 271 մլն դոլարի ապրանք է ներմուծել, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 48.7%֊ով աճել է։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, խոշորացված բոլոր ապրանքախմբերի գծով աճ է գրանցվել։

 Քանի որ ի տարբերություն արտահանման՝ Հայաստանի ներմուծումը համեմատաբար դիվերսիֆիացված է, հետևաբար՝ ներմուծման աճը դժվար է վերագրել մեկ կամ մի քանի ապրանքի կամ երկրի։ Սակայն, միևնույն ժամանակ, կան ապրանքախմբեր, որոնք համեմատաբար մեծ կշիռ ունեն ներմուծման կազմում, ուստի՝ դրանց ուղղությամբ աճը կամ նվազումը էականորեն ազդում է ընդհանուր ցուցանիշի վրա։

 Ծավալով ներմուծման առաջատարը հանքահումք ապրանքախումբն է, որի ներքո պետք է հասկանալ հիմնականում գազն ու նավթամթերքը (բենզին, դիզելային վառելիք), ավելի փոքր ծավալով՝ ցեմենտ, գիպս և այլն։ Վեց ամսում Հայաստան է ներմուծվել մոտ 560 մլն դոլարի հանքահումք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 36.8%֊ով կամ 150 մլն դոլարով։ Այդպիսով, հանքահումքի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 17% է։

 Ներմուծվող երկրորդ խոշոր ապրանքախումբը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 509 մլն դոլարի կամ ամբողջ ներմուծման մոտ 16%֊ը։ Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, աճել են 39.5%֊ով։ Այս ապրանքախմբի ներքո են կենցաղային մեքենաները,  հաստոցները, գյուղատնտեսական սարքավորումները, ջեռուցման կաթսաները, համակարգիչները, հեռախոսները և այլն։

 Ներմուծվող երրորդ խոշոր ապրանքախումբը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է։ Ավելի պարզ՝ դեղամիջոցները, ինչպես նաև լվացող, մաքրող միջոցներ,  շինարարական ու տարատեսակ ներկեր, լաքեր և այլն։ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 274 մլն դոլարի քիմիական արդյունաբերության արտադրանք, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 38.3%֊ով։

 Համեմատաբար խոշոր կշիռ ունեցող ներմուծվող ապրանքախմբերի կազմում են նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, բուսական ծագման արտադրանքը, տրանսպորտի միջոցները և այլն։

Ինչպես նշվեց վերևում, բոլոր խմբերի գծով աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, բացարձակ թվով 2022 թվականի առաջին կիսամյակում ներմուծումը Հայաստան աճել է 1 մլրդ 72 մլն դոլարով, որից 150 մլն դոլարը հանքահումքի ծավալների աճն է, 144 մլն դոլարը՝ մեքենաների ու սարքավորումների, 121 մլն դոլարը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, 140 մլն դոլարը՝ տրանսպորտային միջոցների։ Այս ապրանքախմբերն ամենաշատն են նպաստել աճին՝ միասին ապահովելով 555 մլն դոլարի աճ։

Screen Shot 2022-08-06 at 5.27.04 PM.png (209 KB)

Ռուսաստան, Չինաստան, Իրան. առաջատար եռյակը՝ Հայաստանի ներմուծման կազմում

 Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հարցում։

 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 108 մլն դոլարի ապրանք՝ 51%֊ով  ավել, քան նախորդ տարվա նույն կիսամյակում։ Այդպիսով, Ռուսաստանից ներմուծման աճը էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ներմուծման ընդհանուր աճի վրա։ Ռուսաստանի կշիռը Հայաստանի ներմուծման մեջ կազմել է 33.9%:

 56.7%֊ով աճել է Չինաստանից ներմուծումը՝ կազմելով 503 մլն դոլար։ Չինաստանը Հայաստանի ներմուծման ծավալում երկրորդ տեղում է։

 Հաջորդում է Իրանը, որտեղից ներմուծման աճը ևս զգալի ազդեցություն է թողել։ Իրանից Հայաստան է ներմուծվել մոտ 250 մլն դոլարի ապրանք, աճը՝ 30.6%։

 Հայաստանի ներմուծման աշխարհագրությունում՝ ըստ առաջատար տասնյակի, «տեղավորվել» են նաև Գերմանիան, ԱՄՆ֊ն, Իտալիան, հարևան Վրաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան և Իսպանիան, որոնք, սակայն, համեմատաբար փոքր կշիռներ ունեն և ավելի փոքր չափով են ազդել ներմուծման աճի վրա։

Screen Shot 2022-08-06 at 5.14.43 PM.png (156 KB)

 Հարկ է նաև նկատել, որ թեև Վիճակագրական կոմիտեն չի առանձնացնում Թուրքիայի հետ առևտուրը և այն ներառված է «այլ երկրներ» տողում, սակայն արտաքին առևտրի շտեմարաններից վերցված տվյալները ցույց են տալիս, որ այս տարի, երբ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Հայաստանում հանվել է, դրանց ծավալը կտրուկ աճել է։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 98 մլն դոլարի ապրանք, մինչդեռ 2021 թվականի առաջին կիսամյակում այն մոտ 3.5 անգամ քիչ է եղել՝ շուրջ 29 մլն դոլար։