ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը

2026 թվականի փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը:

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ:

Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում:

1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել  Սբ Նշան վանքում։  1696 թ.  նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում ստացել է վարդապետական աստիճան:

1700 թ. Կոստանդնուպոլսում հիմնել է վանական միաբանություն։ 1702 թ. հաստատվել է Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքում (Պելոպոնես թերակղզի) և ձեռնամուխ եղել վանքի կառուցմանը: 1712 թ. Հռոմից ստացել է միաբանության կանոնադրության հաստատումը։

Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, այնուհետև՝ 1717 թ., Վենետիկի Ծերակույտի արտոնագրով հաստատվել Սբ Ղազար կղզում: Այստեղ Սեբաստացին կառուցել է վանական համալիր, կրթել միաբաններին և զբաղվել հրատարակչական աշխատանքով: Հիշարժան է 1733 թ. հրատարակված Աստվածաշունչ մատյանը, ինչպես նաև «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–1769 թթ.) մեծածավալ աշխատությունը (ներառում է 100 հազար բառահոդված):

Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

Դիմերես` Մխիթարյան միաբանության զինանշանը, Աստվածամոր նկարը և Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների և զարդանախշերի պատկերներ։
Դարձերես՝ Մխիթար Սեբաստացու դիմապատկերը՝ խճանկարի տեսքով:

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: 

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925
Քաշը 33.6 գ
Տրամագիծը 40.0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2026