Պռոշյան գյուղում մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով 2025–ի սեպտեմբերի 19-ին Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 6.0 մլն եվրո: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաև վարկային միջոցների՝ 39.0 մլն եվրո հատկացում։
Միաժամանակ նախատեսվում է Հայաստանին հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:
Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որը կկազմի 9.0 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով, իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն և ՊԵԿ վարչական շենք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։
ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացներն իրականացվում են մեկ վայրում: Այստեղ հիմնական գործընթացները հիմնված են լինելու էլեկտրոնային համակարգերի և ծրագրային լուծումների կիրառման վրա։ Այս կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթեր։
Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը տեղակայվելու է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։