Գյուղատնտեսության 5.4% անկումն ուղիղ համեմատական է ոռոգման կազմակերպմանը

Հա յաստանի ունի մոտ 7,2 մլրդ մ3 ջուր օգտագործելու հնարավորություն, սակայն ջրամբարներում կուտակվում է միայն 1,5 մլրդ մ3 : Հայաստանում 80-ից ավելի մեծ ու փոքր, նաև անավարտ ջրամբար կա: Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի, Ախպարայի, Արգելի ջրամբարներն էներգետիկ նշանակության են, իսկ մյուսները՝ ոռոգման: Խորհրդային շրջանում ոռոգվել է 273․4 հազար հա հողատարածք, օգտագործվում էր մինչև 4 մլրդ մ3 ջուր ընդհանուր տնտեսության մեջ, դրանից մինչև 1․8-2 մլրդը՝ ոռոգման նպատակով։
Այժմ պաշտոնական տվյալներով ոռոգվում է մինչև 100 հազար հա, օգտագործվում է մինչև 2 մլրդ մ3 ջուր, որից ավելի քան 1 մլրդը՝ ձկնաբուծության մեջ։ Կորուստները, ըստ Ջրային կոմիտեի, 46 տոկոս է:
Ճարտարագետ Գեորգի Գևորգյանը Հայաստանում որպես ոռգման ոչ բավարար վիճակի պատճառ՝ մատնանշում է մի քանի խնդիր. ոռոգման ցանցի անմխիթար վիճակը, ներդրումների պակասը, շատ պոմպակայանների չաշխատելը և հիմնականում՝ ջրաբաշխումը:
«Չաշխատող պոմպակայանների պառճառով չի ոռոգվում 116 հազ հա հողատարածք, որոշ հողատարածքներ էլ սխալ քաղաքականության հետևանքով տրվել է արտադրական, բնակելի, շինարարական աշխատանքներ իրականանցելու համար»,-ասաց նա:
Նա խոսեց նաև Ջրօգտագործողների ընկերություններից (ՋՕԸ) և նշեց, որ նախնական 53 ՋՕԸ էր ստեղծվել, սակայն այսօր դրանց քանակը կրճատվել է և ըստ նրա, դարձել են անկառավարելի:
Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա Գեորգի Գևորգյանը ջրամբարների լցվածությունը բավարար համարեց գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, և պնդեց, որ ոռոգման խնդիրները ոչ թե ջրամբարներում ջրի պակասն է, այլ՝ ոչ ճիշտ ջրաբաշխումը:
«Ոռոգման համակարգը շնչող համակարգ է, եթե մի օր նրան չես տիրապետում՝ նա մահանում է: Մենք ջրաբաշխման խնդիր ունենք: Ջրամբարներում ջուր կա և գիշեր-ցերեկ պետք է ոռոգում իրականացվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ասաց, որ չի ընդունում, որ ՀԷԿ-երի կառուցումը սխալ է, սակայն պետք էր մտածված անել և ճիշտ տեղում կառուցել, որպեսզի դրանք չխանգարեն ջրամբարների լցվելուն:
Բացի այդ, հիշեցրեց Ակնալիճի օրինակը, որը սնուցվում էր Ամբերդ գետով և ՀԷԿ-երի պատճառով ստորգետնյա սնուցում չի իրականացվում և ջուրը չի հասնում Ակնալիճ: Արդյունքում լիճը գրեթե ցամաքել է:
«Լճից 29 մ3 ջուր էր մատակարարվում Արմավիրի, Էջմիածին և օգտագործում էին թե խմելու, թե ոռոգելու համար: Այսօր իրավիճակն անվերադարձ է: Արարատյան դաշտում, եթե մենք մեկ մ3 ոռոգում չեն ապահովում՝ մենք հանցագործ ենք: Կրկնում եմ, մենք ունենք ջրաբաշխման խնդիրներ»,- շեշտեց նա:
Իսկ Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ-ին Ջրօգտագործողների ընկերությունները տիրապետել են շուրջ 1,04 մլրդ մլն մ3 ջրի, որից ջրօգատգործողներին փաստացի մատակարարվել է շուրջ 560 մլն մ3-ը: Արդյունքում կորուստը կազմել է շուրջ 46 տոկոս: Հարկ է նշել, որ կորուստնեը պայմանավորված են ոչ միայն համակարգերի տեխնիկական վիճակով, այլ նաև գոլորշացմամբ և հողային հունով ջրանցքներով (հիմնականում ներտնտեսային են):
Ինչ վերաբերում է աշխատող-չաշխատող պոմպակայաններին, Ջրային կոմիտեից փոխանցում են, որ հանրապետության տարածքում առկա է շուրջ 360 պոմպակայան, որոնցից գործում են շուրջ 300-ը: Նաև ընդգծում են, որ նշված պոմպակայանների որոշ մասը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, տարբեր տարիների կարող են չգործել կամ գործել ոչ լրիվ հզորությամբ: Ոռոգման նշանակության պոմպակայանների աշխատանքի ռեժիմը կախված է համապատասխան տարածքներում ոռոգման նորմաների համաձայն ձևավորված ջրապահանջից և դրա ապահովման հնարավորություններից, որն էլ պայմանավորված է համապատասխան պոմպակայանի տեխնիկական վիճակով և ջրաղբյուրի ջրատվությամբ:
Այս առումով հարկ է նշել, որ շատ պոմպակայաններ անկախացումից հետո չեն շահագործվել՝ պայմանավորված հողերի մասնատմամբ ու սեփականաշնորհմամբ: Ֆինանսական խնդիրների, այլ ինչ-ինչ պատճառներով անմշակ մնալու արդյունքում տարիների ընթացքում քայքայվել ու թալանվել են, ներկայումս շահագործման ենթակա չեն: Դրանցից շատերի դեպքում էլ իշխման տակ ընկած հողերը կամ տիրազուրկ են, կամ՝ անմշակ:
Հանրապետության տարածքում առկա են <<Ջրառ>> ՓԲԸ-ի կողմից շահագործվող շուրջ 430 կմ երկարությամբ մայր ջրանցքներ և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող շուրջ 1700 կմ երկարությամբ միջտնտեսային ու շուրջ 16 000 կմ երկարությամբ ներտնտեսային ջրանցքներ:
Ջրամբարների լցվածության առումով նշենք, որ հուլիսի 28-ի դրությամբ համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմում է շուրջ 46 տոկոս: Ջրամբարներից ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է համապատասխան տարածքներում ոռոգման նորմաներին համաձայն ձևավորված ջրապահանջից կախված՝ հաշվի առնելով ջրամատակարարման տարեկան պլանավորումը: Ջրամբարներից ջրամատակարարման դադարեցումները պայմանավորված են լինում դրանց կամ դրանցից սկիզբ առնող ոռոգման համակարգերի տեխնիկական խնդիրներով կամ ընթացիկ շահագործման աշխատանքներով:
Նշենք, որ հանրապետության տարածքի առավել ինտենսիվ գյուղատնտեսական գոտին տեղակայաված է կիսաանապատային շրջանում, որտեղ հողագործությունը բացառապես պայմանավորված է ոռոգմամբ:
Ի դեպ, Ջրային կոմիտեից շեշտում են, որ տարեցտարի կրճատվող ջրառաջարկը ոռոգման ջրամատակարարման ոլորտում էական խնդիրներ է առաջացնում:
«Ջրային համակարգի և ՀԷԿ-ի միաժամանակյա շահագործումը խնդիրներ են առաջացնում՝ օրինակ ոռոգման շրջանում ՀԷԿ-ի կողմից ջրօգտագործում նախատեսելով: Այս պարագայում իրավիճակը սրվում է հատկապես ոռոգման ջրամատակարարման առավել ինտենսիվ շրջանում՝ հունիս-սեպտեմբեր ամիսներին՝ կախված տարածաշրջանից: Այս խնդիրները խոչընդոտում են ջրային համակարգերի կայուն, անվտանգ շահագործմանն ու բնականոն ջրամատակարարման ծառայությունների մատուցմանը՝ հիմք հանդիսանալով ջրօգտագործողների արդարացի դժգոհության համար»,-փոխանցում են Ջրային կոմիտեից:
Իսկ ինչ վերաբերում է ջրի կորուստներին, ապա պատկան մարմնից փոխանցում են, որ ենթակառուցվածքների մաշվածության և ոռոգման ջրի անարդյունավետ կառավարման պատճառով ոռոգման ջրի կեսից ավելին կորչում է ոռոգման համակարգում և չի հասնում դաշտ, իսկ մյուս կեսը գյուղական տնտեսությունների կողմից անարդյունավետ է օգտագործվում:
Հավելենք նաև, որ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս, և տարբեր փորձագետների պնդմամբ՝ դրա պատճառը ջրի անհասանելիությունն է: