Ջերմային ալիքը կրճատում է բամբակի համաշխարհային բերքը. Bloomberg

Ջերմային ալիքը կրճատում է բամբակի համաշխարհային բերքը. Bloomberg

Ծայրահեղ եղանակային պայմանները վնասում են աշխարհում բամբակի գրեթե բոլոր խոշորագույն մատակարարներին, գրել է Bloomberg-ը։

Ամենամեծ արտադրող երկրում՝ Հնդկաստանում, հորդառատ անձրեւներն ու վնասատուները այնքան են կրճատել բամբակի բերքը, որ երկիրը սկսել է ներկրել այն։ Չինաստանում ջերմային ալիքը գալիք բերքահավաքի վերաբերյալ մտավախություն է առաջացրել։ Միացյալ Նահանգներում, որը ապրանքի ամենամեծ արտահանողն է, վատթարացող երաշտը կործանում է գյուղացիական տնտեսություններն ու կարող է արտադրությունը հասցնել վերջին տասնամյակի ամենացածր մակարդակին: Իսկ աշխարհի երկրորդ խոշոր արտահանող Բրազիլիան, պայքարում է ծայրահեղ շոգի եւ երաշտի դեմ, որոնք արդեն իսկ նվազեցրել են բերքատվությունը մոտ 30 տոկոսով։

Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած էքստրեմալ եղանակային իրադարձությունների համատեքստում բամբակի գները բարձրացրել են 30 տոկոսով՝ հասնելով 2011 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, ինչը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ իրերի թանկացմանը`սկսած վերնաշապիկներից եւ տակդիրներից մինչեւ թուղթ ու ստվարաթուղթ:

Բրազիլիայի հեռանկարները հուսադրող չեն: Ըստ ֆերմերների շահերը ներկայացնող Abrapa խմբի՝ երաշտն արդեն վնասել է մոտ 200 հազար տոննա պաշար: 2021-2022 թվականների բերքահավաքը մոտենում է իր ավարտին, իսկ երկրի արտադրությունն այժմ գնահատվում է 2,6 միլիոն տոննա կամ նույնիսկ ավելի քիչ: Իր հերթին, Բրազիլիայում բամբակ արտադրող խոշորագույն արտադրողներից մեկը՝ Bom Futuro Group-ը, հայտնել է, որ նախորդ սեզոնի համեմատ բերքատվությունը նվազել է 27 տոկոսով:

Մինչդեռ ԱՄՆ-ում բամբակի արտադրությունը այս սեզոնին կնվազի 28 տոկոսով։ Ենթադրվում է, որ արտադրությունը կհասնի 2009-2010 սեզոնից ի վեր ամենացածր մակարդակին՝ պաշարները հասցնելով գրեթե պատմական նվազագույնի: Միացյալ Նահանգներին եւ Բրազիլիային միասին բաժին է ընկնում բամբակի համաշխարհային արտահանման ծավալի կեսը:

ԱՄՆ-ի կառավարությունն ու վերլուծաբանները սակայն, պահանջարկի անկում են կանխատեսում՝ հագուստի գնումների նվազմանն ու տնտեսական աճի դանդաղելուն համընթաց՝ հատկապես Եվրոպայում եւ Ասիայում։ Նեշվիլում Hedgepoint Global Markets-ի ավագ մենեջեր Էնդի Ռայանն ասել է, որ, այնուամենայնիվ, բոլոր նշանները ցույց են տալիս, որ բամբակի գները շատ ավելի բարձր կլինեն առաջիկա ամիսներին, քանի որ բերքը կրճատվում է:

Եղանակը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել ամբողջ աշխարհում բամբակ գնողների համար։ Անժամանակ անձրեւներն այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Ավստրալիան, Պակիստանը եւ նույնիսկ Բրազիլիան, նպաստել են պաշարների որակի նվազմանը, ասել է Plexus Cotton Ltd ընկերության տնօրեն Փիթեր Էգլին:

Աղբյուրը՝   news.am