Բրազիլիայում բերքի անկումը սուրճի համաշխարհային գնի կտրուկ աճ կբերի

Բրազիլիայում բերքի անկումը սուրճի համաշխարհային գնի կտրուկ աճ կբերի

Բրազիլիայում սուրճի բերքատվության նվազումը կարող է սուրճի գների կտրուկ աճ առաջացնել ողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականին պլանտացիաները տուժել են նախ երաշտից, ապա՝ ցրտահարությունից, ինչը գործնականում զրկել է ֆերմերներին առատ բերքի հույսից։

Բացասական սպասումների պատճառով 2021 թվականին սուրճի ֆյուչերսներն արդեն սկսել էին գերազանցել վերջին 10 տարվա ռեկորդները։

Բրազիլական արաբիկայի մեկ ֆունտի արժեքը բարձրացել է մինչեւ $2,58 դոլար եւ կայունացել $2,23 դոլարի շուրջ, ինչն ավելի բարձր է, քան նախորդ տարիների ցուցանիշը:

Բացի Բրազիլիայից, վատ եղանակի հետեւանքով տուժել են նաեւ Կոլումբիայի պլանտացիաները, որը նույնպես սուրճի ազդեցիկ արտահանող է համաշխարհային շուկայում։ Որոշ հաշվարկներով, ինչպես նշում է թերթը, 2022 թվականին գյուղացիական տնտեսությունների մի մասի բերքատվությունը կարող է գրեթե կրկնակի կրճատվել։  

Ստեղծված իրավիճակը սպառնում է ընդհատել միջազգային մասշտաբով սուրճի մատակարարումը։ Խնդիրներին գումարվում է ոչ միայն բերքատվության անկումը, այլեւ լոգիստիկայի գլոբալ դժվարությունները եւ տրանսպորտային ծախսերի բարձրացումը։ Սուրճի միջազգային կազմակերպության գնահատականով՝ սուրճի սպառման ծավալը համաշխարհային մասշտաբով միայն կաճի՝ գերազանցնելով արտադրության տեմպերը։

Միաժամանակ, The Wall Street Journal-ը գրում է, որ սուրճի համաշխարհային գնաճի կանխատեսումների ֆոնին, Fitch վարկանիշային գործակալության վերլուծաբանները չեն կարծում՝ գները կշարունակեն կտրուկ աճել։

Աղբյուրը՝   banks.am