Ճագարատնտեսությունը՝ Սյունիքի սահմանին

Սյունիքի մարզի, արդեն սահմանամերձ Շիկահող գյուղը գտնվում է Կապան մարզկենտրոնից 21 կմ դեպի արևելք: Այս գյուղում Հարութ Աղաթելյանը հիմնել և արդեն վեց տարի զարգացնում է ճագարաբուծության իր բիզնեսը. աճեցնում է հիմնականում բուրգունդյան և կալիֆորնիական տեսակները: 21 տարի զբաղվում էր « քիչ ու միչ», հետո փոքրիկ տնտեսությունը մեծացրեց՝ հիմք դնելով «Շիկահող» ճագարաբուծական տնտեսություն: Հիմնական նպատակն է, որ իրացնել ճագարի այնպիսի միս, ինչպիսին կցանկանար իր ընտանիքի համար, հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ Շիկահողը հեռու է հանքարդյունաբերական շրջաններից:
Հ. Աղաթելյանը պատմում է, որ տարվա կտրվածքով ճագարները 5-6 անգամ են ձագ ունենում, կենդանիների կերակրացանկում հավելանյութեր, խթանիչներ չկա. գարի է, ցորեն, խոտ, առվույտ, երբեմն էլ արևածաղիկ:
«Շատ է տարբերվում հավելանյութերով սնված ճագարի միսը էկոլոգիապես մաքուր պահած կենդանու մսից, ուտելուց տարբերությունը զգացվում է»,- ասում է նա և հավելում, որ գոմերում ձեռքի աշխատանք քիչ կա, գործում է կեղտահեռացման, օդափոխության համակարգ:
Երբ Հարութը սկսում էր փոքր բիզնեսը Շիկահողը՝ թաղված անտառների մեջ, ազատ տարածք էր թե գնալ-գալու, թե աշխատելու և լիաթոք շնչելու համար: Ամիսներ առաջ Շիկահողում ևս կյանքը գլխիվայր շուռ եկավ. մեկ օրում գյուղը վերածվեց սահմանամերձի՝ իր բոլոր նորսահմանային խնդիրներով:
Սակայն գործարարը հաստատակամ է. մտադիր չէ գյուղից հեռանալու, պատրաստվում է իր տնտեսությունը զարգացնել և մեծացնել:
Հարութ Աղաթելյանն այժմ ունի շուրջ 200 գլուխ ճագար, 50-ից ավելի մայրական կազմ, փորձում է տնտեսությունն ավելացնել:
Ինչ վերաբերում է ճագարի մսի առավելություններին, ասում է, որ միսը դիետիկ է, դյուրամարս, չի գիրացնում (ծիծաղում է) և օգտակար է:
«Ճագարի միսը գրեթե չի պարունակում խոլեստերին, դրա համար է, որ նախընտրում են հենց ճագարի միս»,- ասում է Հ. Աղաթելյանը և նշում, որ շիկահողցիները ևս սիրով են ճագարի միս համտեսում:
Նա նաև մտածել է այլ կենդանիներ բուծել, սիրում է գյուղոլորտը, իսկ ճագարի հանդեպ հատուկ սեր ունի: Ճագարների հանգիստ, առանց աղմուկ կենսակերպը, ըստ Հարութի, հանգստացնում է մարդկանց նյարդերը. «Հետաքրիքր է թե ՛ ճագարներին հետևելը, թե ՛ խնամելը.համատեղում է օգտակարը հաճելիի հետ:
Տնտեսություն ունենալու համար նա մեկ դիտարկում ունի. պետք է կենդանու տեսակն ընտրել ըստ կլիմայական պայմանների, տարածքի, օդի խոնավության և այլն: Համոզված է, որ, եթե սիրում ես կենդանուն, ապա ամեն ինչ հաշվի պետք է առնել: Խորհուրդ է տալիս ճագարաբուծությանը չնայել որպես միայն բիզնես, այլ սիրել, խնամել կենդանիներին և եկամուտն էլ չի ուշանա:
Ճագարաբուծության ակադեմիկան գրականության մեջ նշում է, որ աշխարհում հայտնի է ճագարի 70 տեսակ, սակայն վերջին տարիներին չի բացառվում, որ այս թիվը փոփոխված լինի`տրամախաչման արդյունքում: Իսկ ճագարաբուծությամբ զբաղվողները փաստում են, որ ճագարներին բնորոշ է վաղահասությունը և բազմապտղությունը, որն էլ ոլորտով զբաղվողների համար հեռանկարներ է խոստանում:
Նշենք, որ Չինաստանը, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան տալիս են ճագարի մսի համաշխարհային արտադրանքի շուրջ 75 տոկոսը: Ի դեպ, ճագարի 1 կգ միսը պարունակում է 1.5 անգամ ավելի սպիտակուցներ, քան խոզի, և 1.3 անգամ ավելի, քան ոչխարի միսը: