Սահմանամերձ Դավիթբեկ գյուղի փոքրիկները կրկին մանկապարտեզ կունանան

Սահմանամերձ Դավիթբեկ գյուղի փոքրիկները  կրկին  մանկապարտեզ կունանան

Արցախյան 2-րդ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 3-ից սկսվել է Սյունիքի մարզի Դավիթբեկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շենքի նորոգումը։ Հիշեցնենք, որ գյուղը զգալի տուժել է հրետակոծությունից։ Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ըստ Կապանի քաղաքապետարանի, շինաշխատանքների պայմանագրային արժեքը 23 մլն 719 հազար 560 դրամ է, որից 65 տոկոսը կամ 15 մլն 417 հազար 714 դրամը կառավարության ներդրումն է, իսկ 35 տոկոսը կամ 8 մլն 301 հազար 846 դրամը ներդրել է Կապան համայնքը։ Վերանորոգումը վստահված է «Վիկարտ» ՍՊ ընկերությանը։

IMG_4338.jpg (1.56 MB)

IMG_4337.jpg (2.75 MB)

Դավիթբեկ գյուղի մանկապարտեզի շենքը, ըստ շինարարների, հիմնովին է նորոգվում, կատարվում են ամրակցման աշխատանքներ, կենտրոնացված ջեռուցման համակարգ է գործելու։ Գյուղը գազաֆիկացված չէ, ինչի պատճառով մանկապարտեզի կաթսայատունը աշխատելու է թե՛  վառելափայտով, թե՛  էլեկտրաէներգիայով։

IMG_4339.jpg (2.24 MB)

Վերանորոգումը նախատեսված է ավարտվել այս տարվա հունիսի 30-ին։ Մանկապարտեզին անհրաժեշտ նոր գույքը համայնքի միջոցներով է ձեռք բերվելու։ Ավելացնենք, որ մանկապարտեզն ունի 4 աշխատող, 11 սան։